Հայաստանի «ամենադեմոկրատ» իշխանությունները, որի ամենաբարձր ներկայացուցիչը նախկին լրագրող է, որոշել են «հազարամյա» պատմություն ունեցող «Առավոտ» օրաթերթի խմբագրությանը վտարել Մամուլի շենքից։ Այս շենքը պատկանում է Պետգույքի կառավարման կոմիտեին, որից էլ օրերս «Առավոտը» նամակ է ստացել, որ պետք է տարածքը լքեն՝ ժամանակ տալով դրա համար։ Հիմա ավելի քան երեք տասնամյակ այս շենքում տեղակայված «Առավոտի» խմբագրակազմը նոր տարածքի փնտրտուքի մեջ է։ Այս պահին էլ առավոտցիները իրերն են հավաքում։
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ իրենք «Առավոտի» հիմնադրման օրվանից՝ 1994 թվականից Մամուլի շենքում են, այսինքն՝ արդեն 31 տարի է, ու հիմա ստիպված են դուրս գալ։
«Մենք պայմանագիր չունենք այս տարվա համար, հետևաբար իրենք հիմք ունեն մեզ դուրս հանելու։ Բայց մենք չենք հրաժարվել պայմանագիր կնքելուց, պարզապես, որքան գիտեմ, կա կառավարության որոշում, ըստ որի՝ պետական գույքը տրվել է մեզ անհատույց օգտագործման, այսինքն՝ մենք վարձակալության գումար չենք վճարում, և հիմա բոլոր այդ անհատույց օգտագործման գույքերը արդեն օգտագործելու են կոմերցիոն նպատակներով»,- ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացրել էր դեռ հեռավոր 90-ականներին Հրանտ Բագրատյանի կառավարությունը, որով մամուլին տրվել էին անհատույց օգտագործման տարածքներ՝ որպես օժանդակություն լրատվամիջոցներին։ Այդ որոշումը չէին չեղարկել նաև հաջորդ երկու՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունները, և միայն լրագրող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց չեղարկել դեռ ՀՀՇ-ի թվերից գործող որոշումը և Հայաստանի ամենահին ու հեղինակավոր լրատվամիջոցներից մեկին զրկել պետության կողմից տրված տարածքից։ Պետգույքից «Առավոտին» առաջարկել են դուրս գալ տարածքից, հետո մասնակցել մրցույթի և, եթե կարող են, նորից այդ տարածքը ձեռք բերել, բայց արդեն վճարովի հիմունքներով՝ ոչ անհատույց։
«Մենք էլ կարող ենք մասնակցել, բայց մենք էդպես ահռելի գումարներ չունենք, որ էդ մի հարկի համար մասնակցենք մրցույթի»,-ասաց «Առավոտի» խմբագիրը։
Հարցին՝ սա արդյոք այս իշխանությունների կողմից մամուլի դեմ ուղղված հերթական քա՞յլն է, Աբրահամյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ սա կոնկրետ «Առավոտի» դեմ ուղղված չէ, բայց, ընդհանրապես, նախորդ կառավարությունները կարծում էին, որ մամուլին պետք է օգնեն և անհատույց տալ, այս կառավարությունը գտնում է, որ պետք չէ օգնել և տալ»։
Նկատենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո էլ այսպիսի մի դեպք տեղի ունեցավ «Հրապարակ» օրաթերթի հետ։ Այն ժամանակ «Հրապարակը» գտնվում էր Երևանի քաղաքապետարանին ենթակա շենքերից մեկում, և «Հրապարակին» ևս, դեռ նախորդ իշխանությունների կողմից, այդ տարածքը տրամադրվել էր անհատույց հիմունքներով։ Բայց այն ժամանակվա ՔՊ-ական քաղաքապետ Հայկ Մարությանը ինչ-որ պահի որոշեց, որ պետք է չեղյալ համարել նախորդների թվերից գործող որոշումն ու «Հրապարակին» զրկել անհատույց օգտագործվող տարածքից։ Փաշինյանական քաղաքապետի այս քայլը այն ժամանակ, երբ դեռ շատերը իսկապես հավատում էին, որ այս իշխանությունները դեմոկրատ են, գնահատում են խոսքի ազատությունն ու հաստատ որևէ քայլ չեն անի ընդդեմ մամուլի, շատերի մոտ զարմանք էր հարուցել և տարօրինակ էր թվում, թե ինչպե՞ս կարող է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մամուլի դեմ պայքարել, այն էլ՝ այսպիսի էժանագին, ճղճիմ մեթոդներով։ Հիմա, երբ նույնը «Առավոտի» հետ է տեղի ունենում, այլևս որևէ բան զարմանալի չէ, քանզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վաղուց արդեն բացահայտել է իր ամբողջ պերճանքն ու թշվառությունը, այդ թվում՝ ազատ մամուլի հանդեպ իր ատելությունը։
Վահե Մակարյան