Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արցախի դրոշը 33 տարեկան է. այն կա՛ ու կլինի՛

Blog Image

Հունիսի 2-ը Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշներից մեկի՝ դրոշի օրն է, որը հաստատվել է 1992 թվականին՝ Գերագույն խորհրդի որոշմամբ։ Արցախի դրոշը ստեղծվել է Հայաստանի եռագույն դրոշի հիման վրա, որպես տարբերանշան՝ կիրառվել է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշը՝ խորհրդանշելով Մեծ Հայքի 10-րդ նահանգը։ 

«Արցախի դրոշի սպիտակ սանդղակների հեղինակը սփյուռքահայ արվեստագետ, նկարիչ, գրաֆիկական դիզայներ Վահե Ֆաթթալն էր, որն արժանացել է Արցախի Գերագույն խորհրդի առաջին քարտուղար երջանկահիշատակ Արթուր Մկրտչյանի հավանությանը։ 33 տարի առաջ ընդունված դրոշը որևէ փոփոխության չի ենթարկվել և մինչ օրս համարվում է Արցախի Հանրապետության խորհրդանիշը»,-MediaHub-ին ասում է վերլուծաբան Արմինե Հայրապետյանը։ 

Արցախի հայաթափումից հետո այսօր Հայաստանում դժվար է պահպանել Արցախի խորհրդանիշները: Տասնամյակներ առաջ ևս նույն վիճակն էր և այլ ելք չկար, քան անկախացումը, որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում։ 

«Ես միշտ կողմնակից եմ եղել Միացյալ Հայաստանի գաղափարախոսությանը, ոչ երբեք Արցախի անկախացմանը։ Բայց երբ ուսումնասիրում ենք այդ ժամանակաշրջանի դեպքերը, հասկանում ենք, որ նշված ժամանակահատվածում ելնելով ռազմաքաղաքական իրավիճակից, անկախացումը միակ հայանպաստ տարբերակն էր։ Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային միությունից անկախացավ առանց Արցախի, փաստացի հրաժարվելով 1989 թվականի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու պատմական որոշումից»,-նշում է մեր զրուցակիցը։

Հայաստանում հաճախ մարդիկ ասում են, որ արցախցիներն անկախություն էին ուզում, դրա համար էլ իբր ընտրել են անկախանալու ճանապարհը։ Հայրապետյանն ասում է՝ անկախացել ենք Խորհրդային Ադրբեջանից նախընտրելով միանալ Հայաստանին.
"Ընդ որում, դա արվել է այդ ժամանակաշրջանի ԽՍՀՄ Սահմանադրությանը համահունչ, օրենքներին համապատասխան։ Դա էր պատճառը, որ նորանկախ Արցախը պետք է ունենար իր խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանն ու օրհներգը։ Կարմիր, կապույտ և նարնջագույնին ավելացվել է սպիտակ գորգանախշը, որպես նաև աստիճանական միացում Հայաստանին.... ցավոք, այն հակառակ էֆեկտ ունեցավ»,- ասում է Արմինե Հայրապետյանը, ընդգծելով, որ տասնամյակներ անց հայտնվել ենք նույն քաղաքական իրավիճակում․ հիմա արդեն Հայաստանի իշխանությունն է հրաժարվում Արցախից, իսկ Ադրբեջանը շարունակում է  պատերազմել արցախցիների հիշողության դեմ։ 

«Մեր ինքնորոշման պայքարը պիտի շարունակենք։ Հույս ունեմ, որպես պատմական արդարություն՝ կարճ ժամանակահատվածում կհասնենք ՀՀ-ին վերամիավորվելու մեր համազգային նպատակին»։

Հունան Թադևոսյան

 

Թեգեր :
Send