Երկրի ներսում թվացյալ խաղաղ ներքաղաքական իրավիճակի ֆոնին այսօր կեսգիշերին Սպիտակ տանը տեղի կունենա Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը, որի ընթացքում՝ ըստ միջազգային մամուլում վերջին օրերին շրջանառվող արտահոսքերի, առանցքային փաստաթուղթը, որ ստորագրվելու է, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որքան էլ ՀՀ իշխանությունն այժմ իր ողջ ռեսուրսը ներդրել է հանրությանը համոզելու և մոլորեցնելու, թե նման բան տեղի չի ունենալու:
Փաշինյանի մեկնման պահից սկսած շատ քաղաքական գործիչներ, ինչպես նաև շատ քաղաքացիներ անորոշության մեջ են, քանի որ կարծում են, որ սպասվող որոշումները, փաստաթղթերի ստորագրելը ոչ մի լավ տեղ չեն տանի, համենայն դեպս Հայաստանին։ Ավելին, ՔՊ-ականների ակտիվությունն ու եռանդը ապացուցելու անապացուցելին (հաշվի առնելով Արցախի օրինակը) հենց վկայում են այն մասին, որ այսօր կեսգիշերին Փաշինյանը հերթական հակահայ որոշումն է միանձնյա կայացնելու, և Հայաստանը մնոր ու ցավոտ կորուստներ են սպասվում:
Ստեղծված իրավիճակի շուրջ MediaHub-ը զրուցեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հետ։ Վերջինս պնդեց՝ բուն «Խաղաղության պայմանագրի» ստորագրում այս շրջանում հավանական չէ։
«Իլհամ Ալիև - Նիկոլ Փաշինյան զույգը՝ Էրդողանի քավորությամբ և այսօր արդեն արևմտյան միջնորդությամբ, Ռուսաստանին հեռացնում են Հարավային Կովկասից։ Հիմա տեսա՞ք՝ էդ միջանցքը ում էր պետք, բա ասում էին՝ « մեզնից բացի ոչ մի ուրիշ զինվոր չի լինի», հաստա՞տ։ Այդ վերահսկողությունը տալիս եք Արևմուտքին, ՆԱՏՕ-ին, ի՞նչ կապ ունի՝ ինչ ձևով է, դրա իրական վերահսկողը Միացյալ Նահանգների գործնկեր Թուրքիան է»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ ամբողջ Հարավային Կովկասում տեղի է ունենում «նայողի» փոփոխություն։ Ռուսաստանն իր անհեռատես քաղաքականության արդյունքում հերթական անգամ ընկավ պանթուրքիստի ճիրանները, վստահեցին Ալիևին, այդ թվում և Էրդողանին և նրանց բոլորի ջանքերով այս փուլում Հարավային Կովկասում Ռուսաստանը կորցնում է իր լուրջ գերիշխանությունը և միայնակ է թողնում Իրանին։
Քաղաքական գործիչը ցավով նշեց՝ 2018-2025թթ հակապետական քաղաքականության արդյունքում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալ, Հայաստանում չկա ինքնիշխան պետականություն։
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն ավելի շատ է հանձնել, քան պատերազմի ժամանակ։ Պատերազմից հետո Փաշինյանը խաղաղության անվան տակ հանձնեց Լաչինը, հետո Արցախը, Գորիս-Կապան 21 կմ-ը, Սև լիճը, Հայաստանից 240 կմ, Տավուշի մի քանի գյուղեր... պատերազմի ժամանակ էդքան բա՞ն էր հանձնվել։ Նիկոլ Փաշինյանը խաղաղության հետ էնքան կապ ունի, որքան ես՝ բարձրագույն մաթեմատիկայի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը, ապա հավելեց. «Արցախում էլ է հիմա խաղաղ, բայց այլեւս հայ չկա Արցախում»։
Էմմա Մարտիրոսյան