Վերջին մեկ ժամվա ընթացքում Երևանում եռուզեռ է, այս ու այն կողմ են ուղարկվում ավտոբուսներ, որոնք լիքն են ներքին զորքերի ոստիկաններով: Mediahub-ը ավելի վաղ տեղեկացրել է, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում կառավարական ամառանոցների տարածքում՝ հավանաբար, Նիկոլ Փաշինյանի կեցավայրի պաշտպանության համար:
Այս պահին և՛ առանձնատան մուտքի մոտ, և՛ Պռոշյան փողոցի կողմից ոստիկանական կուտակումներ են՝ մի քանի ավտոբուս ոստիկան է բերվել այս տարածք:
MediaHub-ն արձանագրեց, որ ոստիկանական ուժեր են կենտրոնացված նաև Կառավարության շենքի մոտ։ Մեզ փոխանցեցին, որ Հ1-ի տարածքն էլ են ուժեղացվածի անվան տակ մաքրել ավելորդ մեքենաներից ու ոստիկաններ կան:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հիմա գտնվում է Անկարայում։ Հետևապես հարց է առաջանում՝ արդյո՞ք նա այսօր երեկոյան կայանալիք հանդիպմանը պատրասվում է այնպիսի պայմանագիր կամ որևէ այլ փաստաթուղթ կնքել, որից հետո ենթադրում են, որ անկառավարելի վիճակ կստեղծվի Երևանում, որին ոստիկանների կուտակումներով փորձում են պատրաստվել: Իշխանությունը վախենո՞ւմ է նոյեմբերի 9-ի կրկնությունից:
Այն, որ Փաշինյանն Անկարայից ոչ հայանպաստ պայմանավորվածություններով է վերադառնալու, ակնհայտ էր, ինչպես այն, որ հենց հիմա իր տան տարածքում հարյուրավոր ոստիկաններ են: Ակնհայտ է նաև, որ դրանք լինելու մաքսիմալ ադրբեջանանպաստ, քանզի երեկ Ալիևն էլ էր մեկնել Անկարա և նրան ինքնաթիռի «տռապից» անձամբ Էրդողանն էր իջեցրել, իսկ իրենց «խորթ եղբորը»՝ Նիկոլին, օդանավի մոտ դիմավորել էր ընդամենը ԱԳ փոխնախարարը: Բայց անգամ դա չէր խանգարել Փաշինյանին տոնածառի խաղալիքի նման պսպղալ այն իրողությունից, որ նա Անկարայում է և մի քանի ժամից հանդիպելու է Էրդողանին:
Հետևապես որքան էլ իշխանությունն այժմ հայտարարի վարձու սրբախիղծ բլոգերների միջոցով կամ թրքասեր ՔՊ-ական պատգամավորների շուրթերով, թե նման կուտակումների իրական պատճառն այն է, որևէ մեկը դրան չի հավատում: Բոլորս ենք գիտակցում, որ Անկարայի հանդիպումը իսկապես դառնալու է պատմական՝ հայ ազգի համար ամենավատ իմաստով:
Էմմա Մարտիրոսյան