Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Փամբուխչյան, Ալիևն էր քեզ հարցնում, հետաքրքրվում էր՝ խաղաղության դարաշրջանը դեռ վայելո՞ւմ ես

Blog Image

Վաշինգտոնյան հանդիպումից մի քանի օր անց Երևանի ՔՊ-ական փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը մի գրառում էր արել՝ Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ իր հավատարմությունն ապացուցելու համար. 

«Հաճելի է ապրել խաղաղության ժամանակաշրջանում», - գրել էր նա: 

Այս էլ տաս օր է մտածում եմ՝ ի՞նչ է փոխվել Փամբուխչյանի կյանքում, որ նա այդ մի քանի օրվա մեջ զգաց տարբերությունը՝ չխաղաղության և խաղաղության մեջ ապրելու միջև: Գուցե իր գլխավերևում երկինքը ավելի երկնագույն դարձա՞վ, մեր սահմաններին գուցե վարդ-մանուշա՞կ բուսնեց, թշնամին դարձավ ավելի սիրալի՞ր ու հայտարարեց, որ այսուհետ իրական հարևան է մեզ լինելու՝ հասնող, օգնող, չսպառնացող.... Հարցը, թե ի՞նչն է ստիպում Փամբուխչյանին ու իր նմաններին նման պոպուլիստ հայտարարություններ անել, թերևս հռետորական է, հետևապես բաց կթողնենք դրա քննարկումը:

ՔՊ-ականի այս ծիծաղելի հայտարարությունից ընդամենը օրեր անց (որն, ի դեպ, իր էջում բուռն քննադատության արժանացավ) իր շեֆի կողմից պաշտելի Ալիևը՝ մեր թշնամին, հերթական անգամ ապացուցեց, որ եթե Փամբուխչյանի կյանքում ինչ-որ բան փոխվել է, ապա միայն այն, որ, ցավոք, վաշինգտոնյան համաձայնություններն ընդամենը նիկոլական իշխանության երկարաձգման համար լավ խաղաթուղթ են, ուրիշ ոչինչ, և ինքը կշարունակի X ժամանակահատված բարձր աշխատավարձ ստանալը, քանի դեռ  մի օր Փաշինյանը իրեն էլ SMS-ով չի հեռացնի: Բայց սա, անշուշտ, որևէ կապ չունի խաղաղության հետ:

«Մենք մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ինչպես Կասպից ծովում, այնպես էլ մյուս բոլոր զինված ուժերում մեր ուժերի զարգացման հետ կապված, մենք ավելացրել ենք մեր հատուկ նշանակության ուժերի թիվը հազարավոր մարտիկներով. չեմ ուզում հստակ թիվ նշել, բայց շատ ավելին, ստեղծվել են նոր Կոմանդոս ուժեր: Ադրբեջան են բերվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքերը, նոր հրետանային համակարգերը: Կնքվել են նոր մարտական ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագրեր, իսկ եղածներն ամբողջությամբ արդիականացվել են։

Աշխարհում տիրող անկանխատեսելի իրավիճակներն Ադրբեջանին ստիպում են պատրաստ լինել պատերազմի: Հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացը գրեթե ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին համապատասխանում են մեր շահերին»,- օկուպացված Քարվաճառում երեկ հայտարարել է Ալիևը:

Իսկ դրան զուգահեռ, դեռևս չօկուպացված Երևանում նրա գործընկեր Փաշինյանը հայտարարում է՝ 2026 թվականի պետական բյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացում, գուցե, չլինի։ Ավելին՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ հայտարարել է, որ  ՊՆ ծախսերի մասնաբաժինը ընդհանուր բյուջեում, 2025 թվականի համեմատ, կարող է նույնիսկ նվազել։

Փամբուխչյան, ո՞ր երկրում ես դու ապրում, որ արդեն խաղաղության դարաշրջանն է վրա հասել: Թեև, սա ևս հռետորական հարց է, քանի դեռ որոշների համար փողի ու պաշտոնի դարաշրջանը հայրենասիրությունից, արժանապատվությունից, բարոյականությունից ավելի գնահատելի են:

Լիա Խոջոյան

Send