Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Քաղաքականություն

ՔՊ-ն վարչական տույժի է ենթարկվել՝ օրենքը խախտելու համար. որքա՞ն է վճարել Փաշինյանի հավատարիմը

Blog Image

ՔՊ-ականները օրինակ ծառայելու փոխարեն շարունակում են խախտել սահմանված օրենքները, ընդ որում՝ անգամ այն օրենքները, որոնք իրենց օրոք եթե նույնիսկ չեն մշակվել, ապա գոնե փոփոխությունների են ենթարկվել:  

Հերթական օրինախախտը ՔՊ-ական պատգամավոր Արյուսակ Մանավազյանն է, ով համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը և մեկ անգամ չէ, որ սկանդալի կիզակետում է հայտնվել: Այդպես, մի քանի տարի առաջ մամուլը նրա անունը կապել էր կառավարական առանձնատան վերանորոգման շուրջ ծագած սկանդալի հետ: Ըստ լուրերի` կառավարական առանձնատների վերանորոգման համար 2 մլն դոլար էին ծախսել, ու ամառանոցներում տեղակայվել է անգամ Աննա Հակոբյանի անձնական օգտագործման վարսավիրանոցը: Փաշինյանը հետո արդարացավ, թե մամուլում ներկայացվող թիվը ուռճացված է 10 անգամ: ՊՎԾ-ն էլ գրավոր հարցմանն ի պատասխան` հաստատել էր, որ ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում՝ մասնավորապես, 2019-ին առանձնատների վերանորոգման աշխատանքներում:

Եվ այսպես, Մանավազյանը վարչական տույժի է ենթարկվել ամբողջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխարեն, քանի որ հանդիսանում է կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պատասխանատու անդամը, կուսակցության աշխատակազմի ղեկավարը։ 

MediaHub-ը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024-ի վերջին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դեմ իրավախախտումների կապակցությամբ հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիմք ընդունելով 2023 թվականի տարեկան հաշվետվության տվյալները, պարզել է, որ կուսակցության կողմից չի պահպանվել «Կուսակցության մասին» սահմանադրական օրենքով սահմանված իրավաբանական և անանուն անձանց կողմից՝ կուսակցությանը տրվող, չթույլատրված նվիրատվություններ ստանալուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում  պետական բյուջե փոխանցելու պահանջը։ 

Ուսումնասիրելով ՔՊ կուսակցության տարեկան հաշվետվությունը, դրանք համադրելով կուսակցության բանկային քաղվածքների հետ պարզվել է, որ հաշվետու տարում 8 իրավաբանական անձանց կողմից ստացվել է 4 մլն 336 հազար 560 դրամ նվիրատվություն։

Տվյալ նվիրատվությունը հանդիսանում է օրենքով չթույլատրված նվիրատվություն։

Կուսակցությունը հաշվետու տարում անանուն անձանցից ստացել է 6 մլն 605 հազար դրամ նվիրատվություն, սա նույնպես օրենքով չթույլատրվող է։

Նրանց ներկայացրած հաշվետվությունում՝ «օրենքով սահմանված չափը գերազանցող կամ չթույլատրված աղբյուրներից ստացված և չվերադարձված դրամական նվիրատվություններ» աղյուսակում նշվում է նաև 10 մլն 260 հազար դրամի չափով նվիրատվություն։

Տարեկան հաշվետվությամբ ներկայացված տվյալներում առկա չեն վերը նշված  21 մլն 202 հազար դրամ նվիրատվություն  ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, պետական բյուջե փոխանցած լինելու վերաբերյալ տեղեկություն։

Մենք պարզեցինք, որ Մանավազյանը դատական նիստին չի մասնակցել, փոխարենը հանձնաժողովին է ներկայացվել բանկային վճարման հանձնարարական, որի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ հաստատված 4 մլն 336 հազար  դրամ չթույլատրված նվիրատվությունը վերադարձվել է պետական բյուջե։

Ինչպես նշվում է փաստաթղթերում ՝ հանձնաժողովն էական է համարում այն հանգամանքը, որ 4 մլն 336 հազար դրամը փոխանցվել է պետական բյուջե, սակայն 16 մլն 865 հազար դրամը չի վերադարձվել ոչ նվիրատուներին, ոչ էլ պետական բյուջե։ Արդյունքում որոշվել է Արուսյակ Մանավազյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ 100 հազար դրամի չափով։

Էմմա Մարտիրոսյան

Send