Հունիսի 6-ին Արավուսում 2 երիտասարդների ադրբեջանական կողմում հայտնվելու մասին լուրն առաջինը տարածեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։ Լուրը ցնցեց ամբողջ Հայաստանը։
Սահմանամերձ բնակավայրերում վախի մթնոլորտ է ստեղծվել։ Ըստ հաղորդագրության՝ Տեղ գյուղի բնակիչ Անդրեյ Գյագունցը և արավուսցի Կարեն Ջհանգիրյանը մոլորվել և հայտնվել էին Ադրբեջանի (օկուպացված Արցախ-Քաշաթաղ) տարածքում: Նույն օրը երեկոյան հայտնի դարձավ, որ տղաները Տեղ գյուղում են, նրանց հետ ամեն բան կարգին է. թե ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում վերադարձրեցին՝ պետական մարմինները լռում են:
MediaHub-ն այսօր կապ հաստատեց Կարեն Ջհանգիրյանի հետ․ վերջինս մանրամասներ չներկայացրեց մոլորվելու մասին, միայն երկու անգամ կրկնեց նույն պատասխանը՝ «մենք սահման չենք հատել, մենք մեր տարածքում ենք եղել»։ Նա հրաժարվեց պատասխանել մյուս հարցերին, հատկապես տարածված հաղորդագրության մանրամասներին։
Հիշեցնենք, որ Կարենն ու Անդրեյն այս տարի են ավարտել դպրոցը։ Համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանի փոխանցմամբ՝ տղաները զորակոչի տարիքի են։ Կարենի և Անդրեյի իբրև թե ադրբեջանական կողմում հայտնվելու օրը Նիկոլ Փաշինյանը շնորհավորվել է Իլհամ Ալիևին՝ ադրբեջանական «Կուրբան բայրամի» տոնի կապակցությամբ։ Նույն օրը անչափահաս պատանիները վերադարձվել են։
Արավուսում դժվարանում են պատասխանել՝ արդյո՞ք Փաշինյանի շնորհավորանքը կապ ունի Ադրբեջանի այս «մարդասիրական» քայլի հետ։
Հունան Թադևոսյան