Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մինչ Պապոյանը զբաղված է ստատուս գրելով, վրացիներն ու ռուսները շարունակում են կաշառք վերցնել հայկական բեռնատարների վարորդներից

Blog Image

Էկոնոմիկայի հրաշագործ նախարար Գևորգ Պապոյանը մի քանի օր է՝ վիճակագրություն չի ներկայացրել, թե բացառապես իր ջանքերի շնորհիվ ևս քանի բեռնատար է հատել վրաց-ռուսական կամ հայ-վրացական սահմանը։ Պապոյանն այս օրերին զբաղված է Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի աստղաբաշխական ծախսերը ինչ-որ անհասկանալի թվաբանությամբ հիմնավորելով։ Նա սոցցանցի իր էջում ինչ-որ հաշվարկներ է ներկայացրել՝ փորձելով այդպիսով հիմնավորել պետբյուջեից Լոպեսի համերգի կազմակերպման վրա ծախսած 6 մլն դոլարը։ 

Այն, որ Հայաստան է ժամանել նման մեծության համաշխարհային աստղ, դա լավ է, իհարկե, խնդիրը այս իշխանությունների կողմից վստահություն չներշնչող և կասկածելի ծախսերն են։ Սրանից զատ՝ Գևորգ Պապոյանը, որ հայկական բեռնատարների խնդիրը լուծելու իր անկարողության համար պարբերաբար փորձում է արդարանալ ֆեյսբուքյան անիմաստ գրառումներով, երեկ էլ գնացել էր պրոիշխանական մի լրատվամիջոցի եթերում ու մուննաթը դեմքին՝ հոխորտում էր իրեն քննադատող ընդդիմադիրների վրա, թե դուք չեք ուզում, որ Հայաստանում մարդիկ ուրախանան, ձեր ուզածը մշտական սուգն է ու ցավը։

Հանուն արդարության նկատենք, որ Պապոյանի ասածի մեջ կա ճշմարտություն։ Բայց դարձյալ հանուն արդարության նկատենք, որ Գևորգ Պապոյանը, որ գլուխ է գովում, թե Լոպեսի բարեմասնություններով Հայաստանի պետբյուջե իբրև թե 13.3 մլն դոլար գումար է մտել, հայկական բեռնատարների՝ ռուս-վրացական և հայ-վրացական անցակետն անխոչընդոտ հատելու խնդիրը, միևնույն է, չի կարողացել լուծել որպես կառավարության անդամ։ Իսկ Լոպեսը մեկ անգամ է եկել Հայաստան, մինչդեռ հայկական բեռնատարներն ամեն օր են Հայաստանից ապրանք արտահանում Ռուսաստան կամ այնտեղից մեզ համար կենսական նշանակություն ունեցող ապրանք բերում, օրինակ՝ բենզին կամ հեղուկ գազ։ Ու որքան էլ էկոնոմիկայի նախարարն ամեն օր վիճակագրություն ներկայացնի, թե այսօր էլ այսքան բեռնատար հատեց սահմանը, դա, միևնույն է, բնավ չի նշանակում, որ խնդիրը լուծվել է, այն էլ՝ լուծվել է իր ջանքերով։ 

Խնդիրն, իրականում, շարունակում է պահպանվել, հեղուկ գազի բարձր գինը՝ նույնպես։ Հեղուկ գազ ներկրողները մեզ ասացին, որ վրացիները շարունակում են կաշառք պահանջել հայ վարորդներից, կաշառքի չափը կազմում է 1200-1500 դոլար, և միայն գումարի դիմաց են համաձայնում հայկական բեռնատարներն արագ ձևակերպել և բաց թողնել։ Եվ այստեղ Գևորգ Պապոյանը որևէ դեր չի խաղացել, նրա բանակցությունները վրացական կողմի հետ անպտուղ են եղել, նա որևէ խնդիր, փաստացի, չի կարողացել լուծել։

Դրա համար էլ հեղուկ գազը շարունակում է իր բարձր գինը պահպանել ու չէժանանալ, որովհետև հերիք չի, ռուսական շուկայում է ձեռքբերման գինը բարձրացել, մի բան էլ ռուսներին ու վրացիներին տված կաշառքն է ինքնարժեքի վրա ազդում։

Այսինքն՝ այն, որ Հայաստանից կոնյակով բարձված տասնյակ բեռնատարներ են Վրաստանով մտնում Ռուսաստան կամ հեղուկ գազով բեռնված տասնյակ մեքենաներ են ՌԴ-ից Վրաստանով մտնում Հայաստան, դա բացառապես կաշառք տալու հաշվին է՝ ուրիշ ոչինչ։ Պարզապես այն ժամանակ ավելի խիստ էին մոտենում վրացիները, բարձրացված աղմուկից հետո թուլացրին ստուգումները, բայց կողմնակի եկամտից այդպես էլ չհրաժարվեցին։

Ի դեպ, կաշառք պահանջում են ոչ միայն վրացիները, այլև ռուսները՝ Լարսում բեռնատարների համար արհեստական առաջացած հերթերն առաջ գցելու համար։ Ու Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, որևէ բան չի կարողանում անել այս կոռուպցիոն ռիսկերից ձերբազատվելու համար։ Պապոյանի միակ քայլը մինչ այս պահը եղել է վրացիների դեմ կաշառքի գործով Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտե հաղորդում ներկայացնելը, ինչն աբսուրդ է, և Հակակառուպցիոնում էլ են դա գիտակցում, ուստի մինչ օրս որևէ վարույթ չեն նախաձեռնել, մեզ ասացին՝ ոչ էլ կնախաձեռնեն։ 

Վահե Մակարյան

Send