Ըստ տեղեկությունների՝ Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը բացի «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումից ու դրա վերահսկողությունը «արտապատվիրակելուց», այլ խոսքով՝ օտար պետության վերահսկողությանը հանձնելուն, պայմանավորվել են նաև պայքարել իրենց պետության ներսում մյուս կողմի նկատմամբ սեպարատիստական հայտարարություններ անող խմբերի դեմ։ Իրականում այս համաձայնության դեպքում նույնպես, ինչպես մյուսներում, կողմեր գոյություն չունեն, կա միայն Հայաստան ու Նիկոլ Փաշինյանի կողմից ստանձնած պարտավորվածություն, որ նա թույլ չի տա Հայաստանում գործունեություն ծավալել այն քաղաքական միավորներին, որոնք կհետապնդեն ազգային շահ։ Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանում կգտնվի թեկուզ մի փոքր խումբ, որն Ալիևից կպահանջի անհապաղ վերադարձնել Արցախն ու մյուս գրաված տարածքները, դադարեցնել ճնշումը Հայաստանի նկատմամբ։
Ի դեպ, այս պահանջը նոր չէ, այսօր երևի շատերը մոռացել են, որ դեռևս անցյալ տարի Ալիևը հայտարարեց, որ Հայաստանում կան ռևանշիստական տրամադրություններ ու կա՛մ պետք է ՀՀ իշխանությունները միջոցներ ձեռք առնեն այդ ամենը կանխելու ուղղությամբ, կա՛մ իրենք կդիմեն քայլերի՝ Հայաստանում ռևանշիզմն արմատախիլ անելու համար։
Նիկոլ Փաշինյանն, ըստ երևույթին, այն համոզմունքն ունի, որ հայ հասարակությունն արդեն վերածվել է իր երազած զանգվածին, այն է՝ հիշողությունից ու մտածողությունից զուրկ, բացառապես ստամոքսով առաջնորդվող անասնական մի կույտի ու չի հիշում ո՛չ հայտարարությունները, ո՛չ էլ դրանց հաջորդող գործողությունները։
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները, Սրբազանների կալանավորումը, ընդդիմության հանդեպ ռեպրեսիվ գործողությունները Փաշինյան-Ալիև նախնական պայմանավորվածության հետևանքն է, որն էլ իր վերջնական արտացոլումը գտավ Աբու Դաբիում։ Հեռու չէ այն օրը, որ ազգային արժեքների հետապնդումը, Արցախի նույնիսկ անունը տալը կհամարվեն քրեորեն պատժելի արարքներ ու Ալիևի հանդեպ սեպարատիվ գործողություններ։ Այլ խոսքով Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են, թե ինչպիսի բովանդակություն պետք է ունենա հայաստանյան ընդդիմությունը, քանի որ երկուսն էլ հասկանում են, որ ժողովրդավարության պատրանք ստեղծելու համար այնուամենայնիվ ընդդիմություն պետք է, սակայն բովանդակազուրկ ու անվնաս «ընդդիմություն»։
Քաղաքականության մեջ գոյություն ունի «կառուցողական» ընդդիմություն տխմարաբանությունը, որը ոչ այլ ինչ է, քան իշխանության ստորաբաժանում՝ թերությունները վեր հանելու գծով։ Համաձայն Փաշինյան-Ալիև պայմանավորվածության՝ Հայաստանում պետք է լինի այնպիսի ընդդիմություն, որը կունենա ասֆալտի կամ լուսավորության որակն անխնա քննադատելու, նույնիսկ պատկան մարմիններին վերջին բառերով հայհոյելու իրավունք։ Հանուն «բուռն գործունեության» ապահովման, որևէ նորաթուխ «ընդդիմադիր» կարող է նաև որևէ ՔՊ-ական համայնքապետի «գլուխը ջարդել, լեզուն կտրել, կամ ականջները պոկել»։ Սա ողջունելի ընդդիմություն է ու «կառուցողական», իսկ ազգային արժեքներ հետապնդողները հաջորդ իսկ օրը կհամարվեն «ահաբեկիչներ»։
Շեշտակի կմեծանա նաև հայաստանյան «արևմտամետների» դերակատարությունը, որովհետև վերջիններս բացի նրանից, որ լիովին համաձայն են Արցախը հանձնելու ու Արցախի հարցը ընդմիշտ փակելու գաղափարին, այլևս Ադրբեջանի հետ գտնվում են աշխարհաքաղաքական նույն շահերի տիրույթուն, այն է՝ Ռուսաստանին վերջնականապես դուրս մղել տարածաշրջանից ու նրանց փոխարինել թուրքերով։
Որքան առարկայական են դառնում «խաղաղության համաձայնագրի», իսկ իրականում կապիտուլյացիոն վերջնական ակտի ստորագրման ժամկետները, այնքան ակնհայտ երևում են ստորագրմանը հաջորդող հետևանքները։ Էրդողան-Փաշինյան-Ալիև եռյակի նպատակը մեկն է՝ կազմաքանդել Հայաստանը ոչ միայն տարածքային ու ռազմական, այլև գաղափարական առումով, ձևավորել մի միջավայր, որտեղ կլինեն թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող թե՛ իշխանություն ու թե՛ ընդդիմություն, ինչպես նաև հարճի կարգավիճակում գտնվող հայ հանրություն։
Կարեն Կարապետյան