Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը երկրորդն է աշխարհում

Blog Image

Վաստակավոր մարզիչ, անցյալի նշանավոր ըմբիշ Մովսես Կարապետյանի գլխավորած Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը երկրորդ տեղը գրավեց Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Նրա ղեկավարած մարզչական եռյակի շնորհիվ մեր պատվիրակները նվաճեցին չորս մեդալ:

ՀԱՕԿ-ը գրում է. Գովեստի է արժանի Էջմիածնի Ակնաշեն գյուղի բնակիչ, 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը: Նա ծնկի բերեց հաջորդաբար ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին ՝  6:2, ղազախստանցի Յուսուպ Աշրապովին՝  3:1,  բուլղարացի Սերգեյ Ստոևին ՝ 7:1, հույն Արիոնաս Կոլիցոպուլովսին՝  5:1 և վճռական գոտեմարտում  ուզբեկ  Ահմադ Կոդիրովին՝ 1:1:

Ոսկե պարգևի համար պայքարը արտասովոր լարված բնույթ կրեց: Սկզբից ևեթ Գասպարը նկատեց, որ մրցակիցը խառը գործողություններով գրոհային ոճի մարզիկ է: Նման ըմբշին << չեզոքացնելու >>  համար մեր պատվիրակը ճիշտ տակտիկա ընտրեց. քողարկված գրոհներով ստանձնեց նախաձեռնողի դերը, մրցակցին հոգնեցրեց, որի արդյունքում մրցավարը նկատողություն հայտարարեց ուզբեկին ու միավոր շնորհեց հայորդուն:

 

Առաջինը միավոր վաստակած Գասպար Տերտերյանը արժանիորեն հռչակվեց աշխարհի երիտասարդների չեմպիոն: Այս առթիվ շնորհավորեցինք ոսկե դափնեկրի անձնական մարզիչ, վաստակավոր մարզիչ էջմիածինցի Սիմոն Կարապետյանին: Ասաց, որ իր սանը ընթացիկ մրցաշրջանում դարձել  է նույն տարիքայինների Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 2023 –ին՝  աշխարհի փոխչեմպիոն: Մարզիչը նաև նշեց, որ ինքը հիմնականում աշխատում է ըմբշամարտում հայաստանցի աշխարհի առաջին չեմպիոն և գավաթակիր Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցում և հաջողության գործում  մեծ է  նաև այդ մարզօջախի գործընկերների դերը:

Բուլղարիայի ստուգատեսում հիանալի գոտեմարտեր անցկացրին նաև փոխչեմպիոնի կոչումով հայրենիք վերադարձող 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 63 կգ քաշային Ալեքս Մարգարյանը և բրոնզե մեդալակիր, 87 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը:

Սամոկովի մրցագորգերի վրա մեր թիմի բոլոր տղաները ընդհանրապես դրսևորեցին մարտունակություն, մրցման սկզբից մինչև վերջ պայքարելու, հաղթելու վճռականություն: Այդ ամենը վկայում են, որ մեր ազգային հավաքականը հուսալի հերթափոխ ունի:

Send