Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Վեոլիա ջուր» ընկերության՝ բնակչության նկատմամբ շարունակվող տեռnրն ու Նիկոլ Փաշինյանի երեսպաշտությունը

Blog Image

«Վեոլիա ջուր»-ը տառացիորեն փորձանք է դարձել հասարակության գլխին։ Նրանց գործողությունները բացի անհանգստությունից, մարդկանց պատճառում են նաև նյութական վնասներ։

Օրինակ՝ Արարատի մարզի Նոր-Խարբերդ համայնքում «Վեոլիա ջուր»-ը որոշել է, որ այսուհետ ջրաչափերը պետք է լինեն բակերից դուրս։ Այդ որոշման արդյունքում անցկացվել է նոր ջրագիծ ու վերջ։ Մնացած ծախսերը՝  ջրագծից խողովակներով ջուրն իրենց տուն տանելը և այլն, պետք է հոգան քաղաքացիները։ Բացի այդ, նոր ջրաչափեր տեղադրելու համար վնասում են մարդկանց գույքը, ու կրկին այն վերականգնելու ծախսերը քաղաքացիների ուսերին է։ 

Այլընտրանքը մեկն է, եթե քաղաքացին չի ցանկանում տուրք տալ «Վեոլիա ջուր»-ի շանտաժին, ապա մնալու է առանց ջրի ու վնասված գույքով։ Սրան էլ հարկ է հավելել սիստեմատիկ ու մեկ օրից ավելի տևող ջրանջատումները։ Իսկ որևէ տեղեկության համար 185 զանգելը ժամանակի զուր վատնում է, քանի որ օրվա բոլոր ժամերին բոլոր օպերատորները մշտապես զբաղված են։

Եթե Հայաստանը լիներ իրավական երկիր, ապա «Վեոլիա ջուր» ընկերությանը պետք էր դատի տալ պատճառած նյութական վնասների ու անհանգստության համար, սակայն քանի որ ՀՀ դատական համակարգը զբաղված է բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգները կատարելով, ապա պարզ է դառնում, որ նման փորձ կատարելիս քաղաքացին հայտնվելու է երկարատև քաշքշուկների մեջ, այդպես էլ չի ստանալու որևէ հատուցում ու ադյունքում մնալու է առանց ջրի՝ վերադառնալով միջնադար, երբ լողանալու մշակույթը դեռևս տարածված չէր։ 

Ակնհայտ է, որ «Վեոլիա ջուր» ընկերության ապօրինությունների հիմքում նաև ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական հովանավորչությունն է։ Պետության չմիջամտությունն այդ ընկերության գործունեությանը, ՀԾԿՀ-ի լռությունն ու անգործությունը լավագույն ապացույցն է վերոնշյալի։

Իսկ ինչո՞ւ է «Վեոլիա ջուր»-ը վայելում իշխանության բարեհաճությունը։ Պատճառը հստակ է. ի տարբերություն ՀԷՑ-ի սեփականատերերի՝ «Վեոլիա ջուր»-ի սեփականատերերին երբևէ չեն հետաքրքրել Արցախի հանձնումը, Հայաստանի մասնատումն ու Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հարձակումները, նրանք երբևէ չեն փորձել «հարցն իրենց ձևով լուծել», ու դա գուցե և նորմալ է, որովհետև ինչո՞ւ պետք է օտարերկրացիներին հետաքրքրեն մեր ազգային խնդիրները։ Ուստի «Վեոլիա ջուր»-ը գործում է ապահով տանիքի ներքո ու անպատժելիության մթնոլորտում։

Բայց հարկ է հիշեցնել, որ ՀԷՑ-ը, թեպետ հաճախակի հոսանքազրկումներին (ի դեպ, հոսանքազրկումները շարունակվում են նույն հաճախականությամբ, ինչ մինչ ՀԷՑ-ը «ժողովրդին վերադարձնելը»), երբեք մարդկանց նյութական, այն էլ համատարած, վնասներ չի պատճառել, իսկ իրենց մեղքով առաջացած վնասներն էլ փոխհատուցել է։

Ասածից բնավ չի հետևում, որ բոլոր ընկերությունների սեփականատերերը պետք է քաղաքական հայտարարություններ անեն, սակայն ՀԷՑ-«Վեոլիա ջուր» համեմատությունն էլ ավելի ակնառու է դարձնում այս իշխանությունների երեսպաշտությունը, կեղծիքն ու նույնիսկ ընկերությունների մատուցած ծառայություններն իրենց քաղաքական շահերին հարմարեցնելու ձգտումը։

Կարեն Կարապետյան

Send