Հիվանդ կենդանու հետ շփումից հետո մարդը կարող է վարակվել վտանգավոր հիվանդությամբ՝ տուլարեմիայով, զգուշացրել է ընտանեկան բժիշկ Անաստասիա Ագաեւան:
«Լենտա»-ին տված հարցազրույցում նա բացատրել է, թե ինչպես պաշտպանվել այս հիվանդությունից:
Մասնագետի խոսքով՝ տուլարեմիան առաջանում է Francisella tularensis մանրէից: Այն կարող է մարդու օրգանիզմ մտնել վարակված վայրի կամ ընտանի կենդանիների հետ շփման, տզերի և ոջիլների խայթոցների միջոցով, ինչպես նաև աղտոտված աղբյուրներից վատ մշակված սնունդ և ջուր օգտագործելիս, քանի որ մանրէն կարելի է գտնել հողում, ջրում և բույսերում:
Բժիշկը նշել է, որ տուլարեմիայի ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց հետո երկու-չորս օրվա ընթացքում, և հիվանդությունը սկսվում է հանկարծակի: Բժիշկը որպես ախտանիշներ նշել է ջերմությունը, թուլությունը, գլխացավը և մկանային ցավը, դողը, հազը, աչքերի վնասվածքը, մեծացած և ցավոտ ավշային հանգույցները:
«Ախտորոշում կատարելու համար անհրաժեշտ է դիմել վարակիչ հիվանդությունների մասնագետի: Եթե կասկածվում է տուլարեմիա, անհրաժեշտ է հոսպիտալացում և հակաբակտերիալ թերապիա. ժամանակին և համարժեք բուժման դեպքում հիվանդության կանխատեսումը բարենպաստ է», - ընդգծել է Ագաեւան։
Վարակը կանխելու համար նա խորհուրդ է տվել օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (ձեռնոցներ և դիմակներ) այն վայրերում աշխատելիս, որտեղ կարող են լինել վարակված կենդանիներ, և նրանց հետ շփվելիս: Անտառներում ու գյուղական վայրերում բժիշկը խորհուրդ է տվել կրել փակ հագուստ և օգտագործել վանող միջոցներ: Կարևոր է նաև մաշկի վնասված հատվածները մշակել հակասեպտիկով՝ կենդանիների և միջատների հետ շփվելիս, և մանրակրկիտ մշակել սնունդը օգտագործելուց առաջ: