ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով, 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդը իր կողմից վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վերջինս մարմնական վնասվածքնով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նույն օրը 25-ամյա երիտասարդը, ով ավտոմեքենան վարել է չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին, ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արման Սարգսյանը իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցի 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 70-ամյա Մանանա Ասլամազյանին։
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Մահացածը «Ինտերնյուզ»-ի նախկին գլխավոր տնօրենն էր։
Ավտովթարից մահացել է Մանանա Ասլամազյանը