Ընդամենը մի քանի ամիս առաջ մենք երկու խոշորացված համայնքներում ջախջախիչ հաղթանակ ենք տարել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով տարբեր սոցհարցումների տվյալներին, որոնց համաձայն՝ ՔՊ-ի վարկանիշն ընկել է։
Նա նկատեց՝ եթե հաջորդ շաբաթ նոր ընտրություններ լինեն, ապա ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան պատերազմից հետո։
«Մոռանո՞ւմ եք, որ պատերազմից հետո մենք 54% ձայն հավաքեցինք, ո՞վ էր դա սպասում, ո՞վ էր նման բան պատկերացնում։ Իսկ հիմա մենք տնտեսական աճ ունենք, անվտանգության խնդիր ենք լուծում։ Արդեն երեք տարի է անցել պատերազմից, ու միջազգային առումով բավականի լավ կարողանում ենք բանակցել»,- նշեց նա։
Ալեն Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն հաղթելու է։