Իրան-Իսրայել ամեն օր սրվող հակամարտությունը շարունակվում է։ Մինչ երկրներն իրար են մեղադրում, հրթիռակոծում մայրաքաղաքները՝ թե՛ Թեհրանը, թե՛ Թել Ավիվը, իրանցիներն ու իսրայելցիները փորձում են հարմարվել նոր իրողությանն ու անվտանգ լինել, իսկ շատերը շտապում են լքել իրենց հայրենիքը։
Ի՞նչ է կատարվում այժմ Իրանում, արդյո՞ք կա խուճապ իրանցիների շրջանում․ MediaHub-ը զրուցեց Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանի հետ։
«Իրավիճակը Թեհրանում բավականին նորմալ է, սակայն, մարդիկ իրենց սովորական կյանքով չեն ապրում, ոմանք Թեհրանից դուրս են եկել՝ անվտանգության նկատառումներով կամ ամառային հանգիստը վայելելու համար, բայց շատերն են դեռ Թեհրանում մնում։ Այսօր առավոտից Թեհրանի վրա հարձակումների թիվը հասել է գրեթե զրոյի, իսկ պատճառն այն է, որ Թեհրանի բնակիչների և անվտանգության աշխատակիցների համագործակցությամբ հայտնաբերվել են դիվերսանտները։ Կապի ցանցերի մանրակրկիտ վերահսկումը և ինտերնետի անջատումը նույնպես պատճառ են դարձել, որ իսրայելական լրտեսական անօդաչու սարքերը չգործարկվեն Իրանի ներսից, և դրանք հիմնականում ձախողվեցին։ Ձերբակալվել են մեծ թվով մարդիկ, ովքեր անօդաչու թռչող սարքերով հարձակվել են միջուկային, ռազմական և վարչական օբյեկտների, հիվանդանոցների և հասարակ մարդկանց տների վրա»,– ասաց իրանցի դասախոսը։
Ըստ նրա՝ որոշ մարդիկ ձերբակալվել են, ովքեր այրում էին մեքենաների անվադողեր և կանաչ տարածքներ՝ պնդելով, թե Իսրայելը ռումբերով հարձակվել է Իրանի վրա։ Այդ մարդկանցից շատերը բացահայտվել և ձերբակալվել են:
«Թեհրանում և, ընդհանրապես, Իրանում անվտանգության իրավիճակն այսօր շատ ավելի լավ է, քան նախորդ օրերին։ Սննդի պակաս կամ խափանում չկա, և կյանքը նորմալ է ընթանում: Իրանի ժողովուրդը ոչ միայն չի լքել երկիրը, այլև նրանցից շատերը, ովքեր գտնվում էին Իրանի սահմաններից դուրս, վերադարձել են երկիր՝ պաշտպանելու հայրենիքը և օգնելու Իրանին։ Թեհրանում, այո, կան մարդիկ, որ լքել են քաղաքը և մեծ մասը մեկնել են տարբեր քաղաքներ՝ հանգստանալու կամ հարազատներին այցելելու։ Հաշվի առնելով, որ պետական կառույցներն ու հաստատությունները, բուհերն ու դպրոցները փակ են մինչև երկուշաբթի, ակնհայտ է, որ մարդիկ կօգտագործեն հանգստի այս հնարավորությունը։ Այսպիսով, իրանցիները շրջում են Իրանի ներսում, բայց չեն հեռանում երկրից։ Եթե մեծ թվով իրանցիներ լքեին երկիրը, հնարավոր չէր լինի այդքան արագ դիմակայել Իսրայել թշնամուն և բացահայտել այս երկրի լրտեսներին»,– շեշտեց Մովահեդիանին։
Նա նաև վստահեցրեեց՝ Իրանի ժողովուրդը ոչ մի անհանգստություն և մտավախություն չունի․ «Թեհրանում պատերազմի լուրջ նշաններ չկան, պատերազմի միակ լուրջ նշանը Թեհրանի քաղաքապետարանի ֆիքսված և շարժական տեսչական պարեկներն ու գովազդային վահանակներն են՝ ի փառաբանություն պատերազմի նահատակների և մարդկանց իրազեկելու նպատակով»։
Իրանցի փորձագետը նշեց, որ երկիրը դեռ չի օգտագործել իր նոր սերնդի հրթիռները, իսկ Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների մեծ մասը արտադրվել է 20 տարի առաջ։ Իրանը հսկայական երկիր է, պնդեց նա, տարբեր ռեսուրսներով, և ռազմական ու անվտանգության կարողությունները շատ բարձր են ի տարբերություն Իսրայելի։
«Իսրայելը, առանց ԱՄՆ–ի օգնության, կդիմանա ընդամենը մի քանի օր ու կկործանվի։ Եթե ԱՄՆ-ը հիմարություն անի և հարձակվի Իրանի վրա, ԱՄՆ-ն իր բոլոր շահերը Պարսից ծոցի տարածաշրջանում կվտանգի: Այս պատերազմում ԱՄՆ միջամտության տնտեսական և անվտանգության վնասն անուղղելի է։ Այսպիսով, եթե նրանք չեն ցանկանում, որ ամերիկացի զինվորները սպանվեն, իսկ Պարսից ծոցից էներգիայի և ապրանքների հոսքը շարունակվի, նրանք պետք է դադարեցնեն Իրանի արկածախնդրությունն ու սպառնալիքը, մենք ենք հաղթողը»,– վստահեցրեց նա։
Մարիաննա Արամյան