Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կառավարությունը փակում է Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոնները․ ԿԳՄՍՆ-ն դադարեցրել է ֆինանսավորումը

Blog Image

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կառավարությանն առաջարկում է լուծարել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզային ենթակայության «Կոտայքի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ն ու  Սյունիքի մարզային ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում։ 
 
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2025թ.-ի բյուջեում գումարներ չնախատեսվելու՝ 2025թ.-ի բյուջետային հայտում ֆինանսավորում չպլանավորվելու հետևանքով կազմակերպություններին ֆինանսական միջոցներ չտրամադրելու հանգամանքով:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները մարզային ենթակայությամբ գործող կազմակերպություններ են, իսկ Նախարարությունը հանդես է եկել որպես բյուջեի գլխավոր կարգադրիչ և Նախարարության բյուջետային տողում ամրագրված է եղել վերոնշյալ կազմակերպությունների երկուական աշխատակիցների աշխատավարձը: Մոնիթորինգի շրջանակներում մշակութային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը հիմնված է եղել իրականացված միջոցառումների բովանդակային և կազմակերպչական վերլուծության վրա։ Մասնավորապես, արձանագրվել է, որ ներկայացված ծրագրերը կրկնօրինակել են նախորդ տարիներին իրականացված նույնաբովանդակ միջոցառումները՝ առանց էական նորարարական կամ որակական փոփոխությունների։

Բացի այդ, կիրառված ռեսուրսային հիմքը՝ ներառյալ մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսները, եղել է սահմանափակ և մարզային մակարդակում ոչ բավարար՝ լիարժեք գեղարվեստական և բարձրակարգ միջոցառում ապահովելու համար։ Նշյալ գործոնները հանգեցրել են նրան, որ ծրագրերը չեն կարողացել բավարար չափով նպաստել Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքի ակտիվացմանը։ Այս համատեքստում, մշակութային ծրագրերի որակի բարելավման ուղղությամբ միջոցառումներ նախատեսվում է իրականացնել համակարգային մոտեցմամբ, ներառելով ինչպես բովանդակային թարմացում, այնպես էլ ռեսուրսների առավել արդյունավետ բաշխում։ 

Ըստ նախագծի՝ կազմակերպությունների լուծարումից հետո Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքը չի տուժի, քանի որ Հրազդան համայնքում գործում է Հրազդանի դրամատիկական թատրոնը և «Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի տարածքում գործում են նմանատիպ մշակութային հիմնարկներ, իսկ Կապան համայնքում կա գործող 8 մշակութային և կրթամշակութային համայնքային ոչ առևտրային հաստատություններ։

Վահե Մակարյան

Send