Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Դարձ ի շրջանս յուր՝ խորհրդարանական տրորված ճանապարհով

Blog Image

Ընդդիմության վերադարձը խորհրդարան, ցավոք, հերթական տեղապտույտն է առաջացրել իշխանափոխության հեռանկարի և դրա հնարավորության քննարկումներում։ 

Դեռևս որոշակի չէ՝ Հայրենիքի փրկության, ապա Դիմադրության շարժման առաջամարտիկ ընդդիմադիրները շարունակելո՞ւ են փողոցային պայքարը, հանրահավաքային շարժումն ու քաղաքացիական անհնազանդության գործողությունները, թե՞ դրանց ընդհատումը պատճառաբանելու են սակավամարդությամբ։ Ի վերջո, խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորների միակ «արժանիքը» իրենց անքննելի առաջնորդի գովաբանումն է, ընդ որում՝ հյուսիսկորեական ոճի ելույթներով ու ծափահարություններով, որ Փաշինյանը նկատի, թե ով է առավել ջերմեռանդ պաշտպանում իրեն։ Ի՞նչ անելիք ունեն ընդդիմադիր երկու խմբակցությունների անդամներն այդ խորհրդարանում՝ նման որակի քաղաքական մեծամասնության կողքին։

Եթե անքննելի է այն, որ այս վարչախումբը պետք է գլխիկոր հեռանար դեռևս երկու տարի առաջ, լիներ դա հրաժարականի, հարկադրանքի, թե որևէ այլ միջոցով, և եթե նախկին ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, մեղադրվում էին մանդատները պահելու և խորհրդարանը չլքելու համար, ի՞նչն է այսօրվա ընդդիմությանը ստիպել վերադառնալ Ազգային ժողով։ Թեկուզ եթե նրանց մանդատները վայր դնելով սահմանադրական ճգնաժամ չառաջանա, խորհրդարանը վերջնականապես և անդառնալիորեն կապալեգիտիմացվի, իսկ քաղաքական օրակարգի առաջնային հարթակ կդառնա փողոցը։ Ինչո՞ւ, ուրեմն, ընդդիմությունը չի գնում այդ ճանապարհով։

Խորհրդարանում չի կարող քննարկվել որևէ այլ օրակարգ, բացի պատերազմական կորուստներից, հազարավոր զոհերից և պարտության հետևանքներից, որևէ այլ նախագիծ ի բնե բարոյազուրկ է։ Մինչդեռ չորսուկես տարի շարունակ հանրությանը պարտադրված կեղծ կարգախոսներն ու օրակարգերն այսօր ցավալիորեն շարունակում են հանրային ընդունելություն գտնել, քանի որ ընդդիմությունը դեռևս շոշափելի այլընտրանք չի ձևակերպել։ Վաղուց ակնհայտ է, որ Փաշինյանն իշխանությունը ստանձնել է՝ Հայաստանն ըստ իր պատկերացումների ձևելու նպատակով, որում Արցախը դիտարկվում է որպես բեռ, որից պետք է ամեն գնով ազատվել։ Ո՞րն է հակընդդեմ պատկերացումը, ի՞նչ այլընտրանք է առաջարկում, պետության ի՞նչ մոդել, սահմաններ ու երաշխիքներ է տեսնում ընդդիմությունը, այդքան էլ հստակ չէ։

Դեռևս նախապատերազմյան շրջանից սկսած՝ Հայաստանում ծանր հարվածներ են ստացել, երբեմն նույնիսկ հիմնիվեր փոշիացվել են միտք և բովանդակություն ծնող ոլորտները։ Կրթության և գիտության, մշակույթի, գյուղատնտեսության ոլորտները համակարգող գերատեսչությունները փակվել կամ վերափոխվել են այնպես, որ հանկարծ ստեղծարար միտքը Հայաստանում պետական խրախուսման չարժանանա։ Ակնհայտ է, որ այս քայլերը պատահական չէին։ Սեփական պատկերացման համաձայն պետության մոդել կառուցելու համար, նախ, անհրաժեշտ է ոչնչացնել այն բոլոր ինստիտուտները, որոնք կարող են քեզ համար վտանգահարույց լինել։ Մնում է հասկանալ՝ ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը, ընդ որում՝ ոչ թե իշխանափոխությունից հետո, այլ հենց հիմա՝ արթնացման շարժումը նաև պետական համակարգում տարածելու և արմատավորելու համար։

Հույս դնել այս տարիներին ամբողջապես քարուքանդ արված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի ներքին արթնացման վրա՝ անշնորհակալ և անիմաստ գործ է։ Վարչապետից մինչև համայնքապետեր, կառավարությունից մինչև ԱԺ՝ պետական համակարգը վերածվել է դեկորացիայի, հաճախ գործում է իներցիայի ուժով և բնավ չի սպասարկում պետական շահը։ Ցավոք, նույնը վերաբերում է նաև Արցախին։ Ընդդիմության խորհրդարան վերադարձը, այս հանգամանքների հաշվառմամբ, պետք է լինի բացառապես մեկ օրակարգով՝ պետության խլյակների փրկություն, վերակառուցում և արդիականացում։ Այդ ամենը, սակայն, ունի բացառապես մեկ ճանապարհ՝ անհապաղ իշխանափոխություն։

Դավիթ Սարգսյան

Send