Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

ՔՊ-ում խուճապ է, Քերոբյանի ունեցվածքը, Քննիչ հանձնաժողովը մնացել է օդում կախված․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մոտ կրկին խուճապ է. պատրաստվում են Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում դիմավորել:

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին գնալու է պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին: Բանն այն է, որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան գնալը դառնում է «մի կաթիլ մեղրի» պատմությունը. եթե մի բան այն չի լինում, դա հետագայում մեծ պատմություն է դառնում ՔՊ-ականների համար, Փաշինյանի կողմից նկատողություններ են ստանում:

Հիմա էլ ՔՊ-ականները «շունչները պահած» սպասում են, որ այսօր վերջապես «պատվով» ավարտին հասցնեն Փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով կանչելու ծանր գործը: Նախորդ անգամ, երբ հունիսի 20-ին նա կրկին գնացել էր քննիչ հանձնաժողով, նիստին մասնակցում էին ԱԺ պաշտպանության եւ անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները, արտախորհրդարանական ուժերից «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը եւ մի քանի փորձագետներ. ընդդիմությունն ի սկզբանե բոյկոտել է այս հանձնաժողովի աշխատանքները:

Ի դեպ, Դավիթ Սանասարյանը նիստից հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ Փաշինյանի հայտարարությունները սպառիչ չեն, շատ հարցեր բաց մնացին, ու այսօր նա պետք է մի շարք հարցերի պատասխանի: Թե որքանով սպառիչ կլինեն Փաշինյանի պատասխանները, այսօր պարզ կդառնա։ Մի բան փաստ է. նախորդ անգամ էլ Նիկոլ Փաշինյանի մենախոսությունները քննիչ հանձնաժողովի նիստում հստակ ցույց տվեցին, որ այս հանձնաժողովի առաքելությունը մեկն է՝ մաքրել Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը:

Նկատենք, որ մինչ այս այդ հանձնաժողովի բոլոր նիստը գաղտնիությամբ պարուրված են եղել. միայն Փաշինյանին են հրապարակային քննում իր իսկ պատգամավորները՝ մտավախություն չունենալով, որ կարող է ռազմական գաղտնիքներ բացահայտել:

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին ևս մեկ քաղաքական ուժ հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին: «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն կլինի Արտակ Զեյնալ յանը: Այսպիսով, չնայած դեռ մոտ երեք ամիս կա ընտրություններին, բայց արդեն իսկ մասնակցության մասին հայտարարել է 5-6 քաղաքական ուժ:

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, օրերս անցկացվել է հարցախույզ, որի տվյալներով, եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա հիմնական պայքարը կլիներ իշխող ՔՊ-ի և «Ապրելու երկիր» կուսակցության միջև: Թե այդ հարցման արդյունքներով որ ուժը վստահության քանի տոկոս ունի, ճշտել չհաջողվեց: Այդուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ առաջիկայում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող ուժերի թիվը կարող է մեծանալ, ինչը կարող է ավելի սրել ընտրական գործընթացը:

Հիմա, մեր տեղեկություններով, տարբեր կուսակցությունների միջև բանակցություններ են ընթանում՝ իշխող ուժին ընդդիմադիր դարձնելու ճանապարհին միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունների շուրջ: Կստացվի՞ հասնել նման միավորման, թե՞ քվեաթերթիկը «ծավալուն» կլինի, կերևա առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկու անշարժ գույք ունի։ Դրանցից մեկը Նոր Նորք համայնքում է, մյուսը՝ Կենտրոն վարչական շրջանում։ Այս բնակարանը նա գնել է 2019 թվականին, եւ այն համատեղ սեփականություն է հանդիսանում։ Նախարարը նաեւ 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա ունի, որը գնել է 2011 թվականին։

Բանկային հաշիվներին տարվա վերջում նա ունեցել է 1 մլն 599 հազար դրամ, իսկ կանխիկ դրամ չի ունեցել։ Նրա միակ եկամուտը եղել է 21 մլն դրամը, որը նրա տարեկան աշխատավարձն է՝ որպես նախարար։ Վահան Քերոբյանը նաեւ վարկեր ունի. տարվա վերջում նրա հիփոթեքի գումարի մնացորդը կազմել է 49 մլն 527 հազար դրամ, մյուս վարկերի պատճառը հայտնի չէ, վարկի մարմանն ուղղված գումարն էլ 12 մլն դրամ է կազմել։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից հունիսի 20-ին բեմականացված ներկայացման երկրորդ՝ առավել դիտարժան սերիան է սպասվում՝ «Բոլորը մեղավոր են ինձնից բացի» վերնագրով։ Առաջինում Փաշինյանը մի քանի ժամանոց ելույթ ունեցավ։

Այսօր հանձնաժողովի անդամների հետ հարցուպատասխանն է լինելու։ Մեր տեղեկություններով, մի քանի օր է՝ ՔՊ-ականները «պարապում»՝ ճշտում են հարցերը Փաշինյանի հետ, երեկ ԱԺ էր բերվել նաեւ Հանրային հեռուստաընկերության ուղիղ հեռարձակում ապահովող մեծ կայանը, որպեսզի շոուն առցանց հրամցվի հանդիսատեսին, եւ հնարավոր շատ մարդկանց ուղեղի լվացում անեն»:

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր Վաշինգտոնում սպասվում է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանի և նրա ադրբեջանական գործընկեր Բայրամովի միջև բանակցությունների հերթական ռաունդի մեկնարկը: Այդ նպատակով Արարատ Միրզոյանն արդեն իսկ մեկնել է ԱՄՆ, ինչպես նշվում է տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ՝ աշխատանքային այցով: Առաջ ընկնելով՝ կարելի է ասել, որ այդ բանակցությունների հերթական փուլից առանձնապես ոչ մի լավ բան չարժե սպասել: Առնվազն՝ Հայաստանի ու Արցախի համար, հաստատ, ոչ մի լավ բան այնտեղ չի կարող լինել: Դիտարկենք նախադրյալները և ընդհանուր իրավիճակի կոնտեքստը, որի պայմաններում տեղի են ունենում բանակցությունները, այսպես ասած՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ»:

Ամենից առաջ տարօրինակ է հենց այն, որ նման պայմաններում տեղի է ունենում բանակցային հերթական՝ ավելի վաղ նախատեսված փուլը: Իսկ տարօրինակն այստեղ այն է, որ այն ժամանակային միջակայքում, երբ նախատեսվել են Վաշինգտոնում այդ բանակցությունները (և նախապես համաձայնեցվել), իրավիճակը կոնկրետ Արցախի շրջափակման հետ կապված ոչ միայն դրական փոփոխություն չի կրել, այլև հակառակը՝ ավելի է վատացել: Ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը, էլ ավելի ոգևորված ՀՀ իշխանությունը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից առ այն, որ Արցախը ադրբեջանական տարածք է, շրջափակման օղակն ավելի է սեղմել՝ Արցախի հայությանը ենթարկելով տոտալ բլոկադայի: Լրահոսում այս ընթացքում չեն դադարում տեղեկությունները, որոնք ավելի շուտ ահազանգեր են՝ տոտալ շրջափակման միանգամայն կանխատեսելի հետևանքների վերաբերյալ:

Նման պայմաններում Հայաստանի անունից հանդես եկող Նիկոլ Փաշինյանը, նրա անմիջական ենթակա և նրա «արտաքին քաղաքական գիծը» վարող Արարատ Միրզոյանը ոչ միայն կոշտ պայման չեն դնում, որ բանակցությունները կարող են շարունակվել միմիայն Արցախի հետ ճանապարհային անխափան ու ազատ կապը վերականգնելու դեպքում, այլև շարունակում են «բանակցային գործընթացը», այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» կամ «հարաբերությունների կարգավորման» շուրջ: Ըստ որում, եթե Արարատ Միրզոյանն ուզում է իրենց սիրելի «միջազգային հանրության» աջակցությունը, ապա այն առկա է: Այս օրերին թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը, թե՛ ով ասես, որ իր մտահոգությունը չի հայտնել ու «Լաչինի միջանցքի» ապաարգելափակման կոչ չի արել: ԵԽԽՎ-ն անգամ բանաձև է ընդունել: Բայց հասկանալի է, չէ՞, որ Ադրբեջանը հոնքն էլ չի շարժել:

Մյուս կողմից՝ նույն Արևմուտքը (Եվրամիություն, ԱՄՆ), նույն Ռուսաստանը ոչ մեկ անգամ հայտարարել են, թե իբր կարևորում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը: Անգամ ինչ-որ տեղ միմյանց հետ մրցում են, թե ով կկարողանա կազմակերպել բանակցային հաջորդ հանդիպումը, պարզ ասած՝ ում «հովանու ներքո» կողմերը ինչ-որ համաձայնության կգան, ում «դուդուկի» կամ «սաքսոֆոնի» հնչյունների ներքո «կպարեն»: Չնայած, Պրագայի 2022 թ. հոկտեմբերի 6-ի հանդիպում-պայմանավորվածություններից հետո, կարծես, կասկած չի հարուցում, որ Արցախը վերջնականապես թշնամուն հանձնելու, Արցախից հրաժարվելու սև գործի գլխավոր հովանավորը Արևմուտքն է: Այն, որ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը խիստ էր ոգևորվել այն խայտառակ փաստից, որ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում», նույնպես վկայում է, որ Բրյուսելն ու Վաշինգտոնն առավել շահագրգռված են այդ հարցում:

Բայց, ամեն պարագայում, եթե այդքան շահագրգիռ են, նշանակում է՝ կարող են նաև անել ավելին, քան պարզապես «օդում» մտահոգվելն է կամ «միամիտ հայերի» աչքերում լավամարդ երևալու համար ինչ-որ սրտաճմլիկ կոչեր անելը: Այսինքն, եթե նման իրավիճակում Հայաստանը ներկայացնողները վերոնշյալ պայմանն առաջ քաշեն, ապա չի բացառվում, որ նույն Վաշինգտոնը ավելի գործնական արձագանքի Ադրբեջանի կողմից Արցախի հայությանը բնաջնջելուն նպատակաուղղված բլոկադային, քան մինչայժմյան մտահոգություններն են: Ոչ մի հարցում 100 տոկոսանոց երաշխիք չկա, բայց հնարավոր է: Մինչդեռ, Հայաստանի ներկայացուցիչներն ուրախ-զվարթ շտապում են, եթե չասենք՝ վազում են թշնամական կողմի հետ հերթական հանդիպմանը: Իսկ ի՞նչ է անում թշնամին: Իսկ թշնամին շարունակում է իր թշնամությունն անել (իսկ ուրիշ ի՞նչ էր անելու): Ավելին, Արարատ Միրզոյանի ադրբեջանական գործընկերը, երկրորդելով իր ղեկավարին, հայտարարում է, որ Արցախի հայերին չեն տալու ոչ մի երաշխիք՝ կապված կյանքի անվտանգության հետ, դե՝ էլ մնացյալը չասենք:

Այսինքն՝ թշնամին չի էլ թաքցնում, որ Արցախում իրականացնելու է ցեղասպանություն: Ասենք, թշնամու՝ մինչև այժմ արած քայլերն էլ միանգամայն բացահայտ ցույց են տալիս այդ նպատակադրումը և դրա սողացող ընթացքը: Գանք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին, եթե կարելի է այդպես ասել: Մինչև հիմա բոլոր խոսակցությունները բացառապես այն մասին են, թե է՛լ ինչ կամ ինչեր է հանձնելու, տալու, զիջելու Հայաստանը: Ինչ-որ «անկլավներ», ամբողջական գյուղեր, ճանապարհներ, նոր բարձունքներ: Թշնամին բացահայտ խոսում է Երևանը ադրբեջանցիներով հեղեղելու ծրագրերի մասին: Ու ոչ մի խոսք, օրինակ՝ Հայաստանի՝ արդեն իսկ օկուպացված տարածքներից թշնամու դուրս գալու մասին: Ավելին, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները մեծ-մեծ խոսում են կոմունիկացիաների ապաշրջափակման ու իրենց՝ այդ հարցում պատրաստակամության մասին՝ «մոռանալով», որ մյուս կողմը այդ խոսակցություններին զուգընթաց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակել է, անգամ բետոնե բլոկներ էր շարել: Դա՞ են բանակցում: Դրա՞ շուրջ են բանակցությունները: Իհարկե՝ ո՛չ: Որովհետև Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը Արցախը ճանաչել է ադրբեջանական ու իր մտքից հանել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստան» խմբակցության նախաձեռնած ժամանակավոր քննիչ հանձնաժողովը, որը պետք է զբաղվեր ԱԺ պատգամավորների կողմից թույլ տված վարքականոնների խախտման դեպքերով, մնացել է օդում կախված:

Ընդդիմադիրների այս նախաձեռնության համար հիմք էր հանդիսացել հատկապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ Երեւանի կենտրոնում քաղաքացուն վիրավորելու եւ նրա վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խուլիգանական վարքագիծը, ինչպես նաեւ փետրվարի 3-ին՝ Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը՝ 120 հազար արցախցու համար չարժէ ռիսկի տակ դնել 3 միլիոն հայաստանցու ճակատագիրը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովի ստեղծման գործընթացն այդպես էլ առաջ չի գնում: Բանն այն է, որ, նախ, ընդդիմությունն իր ներսում չի կարողանում հանձնաժողովի նախագահ գտնել: Սա էլ ամենը չէ. ՔՊ-ն է ամեն կերպ փորձում տապալել հանձնաժողովի ստեղծման գործընթացը, որեւէ կերպ համաձայնության չեն գալիս հանձնաժողովի անդամների մասով: Հավելենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Ըստ նույն օրենքի՝ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Այսպիսով, այս պահի դրությամբ հանձնաժողովի ստեղծման գործընթացը փակուղում է։ Չի բացառվում, որ համաձայնության չգալու պատճառով հանձնաժողովի ստեղծման նախագիծն այդպես էլ մնա թղթի վրա, իսկ եթե անգամ ձեւավորվի, անդամներ չառաջադրելու հիմքով այն չի կայանա:

Send