Քինոան կամ սագախոտը, լինելով Chenopodium quinoa բույսի սերմը, ըստ էության հատիկավոր չէ, սակայն անվանվում է «փսևդոհատիկավոր», քանի որ սննդում օգտագործվում է որպես հատիկավոր ու նմանատիպ սննդային արժեք ունի։
Սև և կարմիր քինոաները գրեթե երկու անգամ ավելի շատ վիտամին E են պարունակում, քան սպիտակ քինոան։ Այդ հետազոտության շրջանակներում ուսումնասիրել են նաև հակաօքսիդանտների պարունակությունը, և պարզել, որ որքան մուգ է քինոայի գույնը, այնքան այն ավելի հարուստ է հակաօքսիդանտներով։
Քինոան պարունակում է լիարժեք սպիտակուցներ Սպիտակուցները կազմված են ամինաթթուներից, որոնց մի մասն արտադրվում են օրգանիզմի կողմից, մյուս մասն էլ օրգանիզմ են ներթափանցում սննդի միջոցով։ 9 ամինաթթուներ անփոխարինելի են համարվում, քանի որ չեն արտադրվում օրգանիզմի կողմից, և մարդը դրանք պետք է ստանա սնվելով։ Լիարժեք են համարվում այդ բոլոր 9 ամինաթթուները նշանակալի քանակով պարունակող սպիտակուցները։ Կենդանական ծագում ունեցող սպիտակուցները լիարժեք են, իսկ բուսական ծագում ունեցողները՝ մեծամասամբ ոչ։ Քինոան բացառություններից մեկն է, քանի որ լինելով բուսական ծագման մթերք՝ լիարժեք սպիտակուցների աղբյուր է, և հատկապես հարուստ է լիզին, մեթիոնին ու ցիստեին ամինաթթուներով, որոնք շատ քիչ են պարունակվում բուսական սննդատեսակներում։ Ահա թե ինչու է քինոան հրաշալի մթերք բուսակերների, ինչպես նաև այն մարդկանց համար, որոնք հիմնականում բուսական ծագման սնունդ են նախընտրում։ Պարունակում է օգտակար բուսական միացություններ Քինոան նաև հարուստ է բուսական միացություններով՝ ֆենոլային թթուներով, ֆլավոնոիդներով, սապոնիններով ու բետացիանիններով։ Այս միացություններից շատերը գործում են որպես հակաօքսիդանտներ՝ չեզոքացնելով ազատ ռադիկալները, որոնք վնասվածքներ են հասցնում օրգանիզմին բջջային մակարդակում։ Մի հետազոտությամբ պարզվել է, որ քինոայի հակաօքսիդանտային ակտիվությունը 86 տոկոս է՝ ավելի բարձր, քան ուսումնասիրված այլ հատիկավորների դեպքում։ Ընդ որում, ծլեցնելու դեպքում քինոայի կազմում հակաօքսինտների քանակն ավելի է մեծանում։ Ինչպես հայտնի է, քրոնիկ բորբոքման հետ են կապվում մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ 2-րդ տիպի դիաբետը, քաղցկեղն ու սրտի հիվանդությունները։ Քինոայի կազմում առկա հակաօքսիդանտները կարող են նպաստել բորբոքային գործընթացների դեմ պայքարում։ Քինոան նպաստում է նաև նյութափոխանակությանը և հարմար սննդամթերք է արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց համար։ Քինոան պարունակում է նաև հականուտրիենտներ Քինոան, սակայն, նաև որոշ հականուտրիենտներ է պարունակում, որոնք առողջական մեծ խնդիր չեն առաջացնի, եթե մարդն առողջ ու համակարգված է սնվում։ Սակայն, իմանալով, թե ինչ ազդեցություն կարող են գործել այդ նյութերը, ըստ անհրաժեշտության կարելի է խուսափել դրանց օգտագործումից։ Սապոնինների դրական կողմը հակաօքսիդանտային, հակաբորբոքային ազդեցությունն է, սակայն այս միացությունները դառը համ ունեն և կարող են խոչընդոտել որոշ հանքանյութերի, օրինակ ցինկի ու երկաթի ներծծմանը։ Դառը համից ազատվելու համար օգտագործելուց առաջ կարելի է որոշ ժամանակով թրջել քինոան կամ լվանալ առատ ջրով։ Քինոան նաև օքսալատ է պարունակում․ այս միացությունը կարող է նվազեցնել որոշ հանքանյութերի յուրացումն ու կապվել կալցիումի հետ՝ երիկամներում քարերի ձևավորման պատճառ դառնալով։ Ուստի երիկամաքարային հիվանդություն կամ քարերի ձևավորման հակում ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել քինոայի օգտագործումից։ Ֆիտինաթթու է պարունակվում մի շարք մթերքներում, ինչպիսիք են քինոան, ընկուզեղենը, այլ սերմերն ու հատիկավորները։ Ֆիտինաթթուն ունի հակաօքսիդանտային ազդեցություն և կարող է խոչընդոտել երիկամային քարերի ձևավորմանը, բայց մյուս կողմից կարող է արգելակել հանքանյութերի յուրացումը, ուստի ֆիտինաթթվից ազատվելու համար կարելի է նախապես թրջել քինոան։