Ռոմանոս Պետրոսյանը եկած օրվանից ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել և աշխատանքից ազատում է «հազարամյա», փորձառու աշխատողներին՝ տեղը «քայլիստների» նշանակելով։ Մեզ ասացին, որ պաշտոնից ազատման կամ աշխատանքը պահպանելու նախապայմանը միայն քաղաքական հայացքներն են․ կանչում, ուղիղ հարցնում են՝ «ինչպե՞ս ես վերաբերվում ՔՊ-ին, մերոնքակա՞ն ես, թե՞ ընդդիմադիր», և եթե պատասխանն իրենց սրտով չի լինում, այսինքն՝ առնվազն ՔՊ-ին լոյալ չեն լինում, Ռոմանոս Պետրոսյանը պահանջում է դիմում գրել-հեռանալ կամ ինքն է որևէ հիմքով ազատում աշխատանքից։
Ռոմանոս Պետրոսյանի գլխավոր թիրախը, իհարկե, ՀԷՑ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանն էր, որին դեռ ՀԷՑ մտնելու օրը, շենքի դիմաց ոտքի վրա ազատեց աշխատանքից, բայց Ղազինյանի պես էլի կան դեմքեր, որոնց Ռոմանոսը բացառապես քաղաքական հայացքների համար ազատել է աշխատանքից։ Ընդ որում ազատել է այնպիսի մարդկանց, որոնք փորձառու մասնագետներ են։
Դավիթ Ղազինյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել, որ քաղաքական հայացքների համար են ազատումներ լինում ՀԷՑ-ում։
«Ես բազմաթիվ խոսակցություններ լսել եմ, ապացույց չունեմ, բայց հիմնավոր կասկած կարող եմ ունենալ, որ ազատվում են այն մարդկանցից, որոնք իրենց քաղաքական դիրքորոշմանը համահունչ չեն, կամ ովքեր համարվում են ոչ յուրային։ Ամենահետաքրքիրն այն է, որ չկա մի ազատում, որտեղ լինի ՀԷՑ-ի հետ կապված ինչ-որ խնդիր, կոռուպցիոն մի բան։ Եկեք տրամաբանենք, օրինակ՝ իմ պարագայում ինքը ներքևում հայտարարում է, որ Ղազինյան Դավիթը մասնակից է եղել ՀԷՑ-ի էս վիճակին։ Հարց՝ ՀԷՑ-ում ի՞նչ վիճակ է, եթե անջատումները նկատի ունի, ապա եկեք, մոնիթորինգ անենք, թե ինչ վիճակում էր մեր ձեռքից վերցնելուց առաջ և հետո, որովհետև հիմա ես էլ եմ բազմաթիվ բողոքներ լսում, որ անջատումներն ավելի շատացել են։ Երկրորդ, եթե հայտարարություն ես անում, որ Ղազինյան Դավիթը մեղավոր է, բա Ղազինյան Դավիթն ինչո՞ւ է ազատ շրջում»,-ասաց Ղազինյանը։
-Վախենում եք՝ Ձեր հետևից չգա՞ն, մի քիչ համբերեք, կարող է գալիս են։
-Իմ հետևից, իր ասածով, համենայնդեպս, չեն կարող գալ։ Բայց, հաշվի առնելով, թե ընկերության սեփականատերը՝ Սամվել Կարապետյանն ինչի համար է նստած, իհարկե, բոլորիս հետևից կարող են գալ։ Խոսքս վերաբերում է նրան, որ ինքը, գալով աշխատանքի, մեկ շաբաթում չէր կարող հիմնավորել, որ մասնաճյուղիերի տնօրենները կամ գլխավոր տնօրենի տեղակալները ենթադրաբար ինչ-որ բանի մեջ են եղել։
-Պարոն Ղազինյան, ձեր օրոք ՀԷՑ-ում քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, այդ թվում՝ ՔՊ-ական կամ նիկոլական գաղափարներով տոգորված աշխատակիցներ շա՞տ կային, թե՞ ավելի շատ համալրված էր ձեր թիմակիցներով կամ, այսպես ասած, ձերոնքական մարդկանցով։
-Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ եղել են բոլոր ուժերին հարող աշխատակցիներ, թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական, թե՛ արևմտամետ, թե՛ ռուսամետ, մի խոսքով՝ բոլոր ուժերին հարող։ Եթե կա մեկը, որ կարող է ասել, որ վերջին տասը տարվա ընթացքում ինչ-որ մեկին ընդունել կամ ազատել են քաղաքական հայացքներով, ես պատրաստ եմ ներողություն խնդրել։ Բայց խնդրում եմ, որ դա լինի անուն ազգանունով և պաշտոնով։ Չի՛ եղել էդպիսի բան։ ՀԷՑ-ի վերնախավից էլ իմ կոլեգաները կհաստատեն, որ չի եղել էդպիսի բան, մենք գնահատել ենք միայն ու միայն իրենց աշխատանքով։
-Կոնկրետ ՔՊ-ական աշխատակից ունեցե՞լ եք կամ նիկոլական հայացքներով։
-Շատ։ Այսինքն՝ ինքը արտացոլում է մեր հասարակությունը, 6800-ը բերեք համեմատենք 3 միլիոնի հետ։ Եթե երեք միլիոն ժողովրդի մեջ կա չգիտեմ քանի տոկոս ՔՊ-ական, իհարկե, մեր ընկերությունում էլ ա նույն կերպ, քանի տոկոս ընդդիմադիր որ կա ժողովրդի մեջ, նույնչափ մեր ընկերությունում կային։ Այսինքն՝ պետք չէ սա առանձնացնել։ Ու որպեսզի այդ մանիպուլյացիաներին չտրվենք, նորից խնդրում եմ՝ թող ինչ-որ մեկն ասի մի անուն ազգանուն, որին ազատել ենք, որովհետև ՔՊ-ական է եղել, կամ մի անուն ազգանուն տա, որին ընդունել ենք, որովհետև ինքը եղել է ընդդիմադիր, իսկ հիմա, իմ անձնական կարծիքով, այդպես են ընդունում և ազատում։
Վահե Մակարյան