Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Առաքելությունը կգա, իսկ խաղաղությո՞ւնը...

Blog Image

Եվրամիության արտգործնախարարները երեկ Լյուքսեմբուրգում կայացած նիստում հաստատել են Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել այս ամսվա սկզբին Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ։

Եվրամիությունը լիովին հանձնառու է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը, նիստից հետո Թվիթերում գրել է ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելը, հավելելով.

«Մենք 40 հոգուց բաղկացած դիտորդական կարողություն ենք տեղակայում հայ - ադրբեջանական սահմանի երկայնքով՝ ամրապնդելու վստահությունը մի անկայուն իրավիճակում, երբ մարդկային կյանքերը վտանգի տակ են»:

Նախնական համաձայնությամբ, առաքելությունը պետք է սկսի աշխատանքը հոկտեմբերին և գործի առավելագույնը երկու ամիս։

ԵՄ առաքելության դերակատարությունն, անշուշտ, դրական է, սակայն նրա շուրջ Հայաստանում ստեղծվել է անիրական սպասումների նշաձող, ինչին անխուսափելի հաջորդում է հիասթափությունը:

ԵՄ քաղաքացիական առաքելությունը բաղկացած է ընդամենը 40 մարդուց ու, ըստ էության, կարճաժամկետ է, ըստ այդմ՝ դժվար է նրա հետ հույսեր կապել ինստիտուցիոնալ խաղաղության հաստատման առումով:

Այս առաքելության մանդատը շատ թույլ է ու այն փաստացի մերժվել է Ադրբեջանի կողմից, որը եվրոպացի դիտորդների հետ համագործակցելու է սեփական հայեցողությամբ՝ նրանց չթողնելով անգամ սեփական տարածք:
Եվ վերջապես՝ քաղաքացիական առաքելությունը եվրոպական առաքելություն է, որը մեծ դժկամությամբ է ընդունվել Մոսկվայում ու Թեհրանում: Այս մայրաքաղաքներում, մեղմ ասած, շահագրգռված չեն այս առաքելության հաջողությամբ:

Իհարկե, Հայաստանն առավելագույնը պետք է փորձի օգտվել այս առաքելության դրական հետևանքներից, բայց պետք է խոստովանել, որ այն Պրահայի համաձայնությունների միակ կիրառական ձեռքբերումն էր, որն ավելի շատ ուղղված է միջնորդների դեմքը փրկելուն:

Վահրամ Բագրատյան

Send