Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնց կասկածում են վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեի տունը հրկիզելու մեջ: Այս մասին գրում է Newswire-ը:
«Ոստիկանությունը հայտնում է, որ երեք կասկածյալներ ձերբակալվել են Կոլոմբոյում վարչապետի մասնավոր նստավայրը հրկիզելու գործով։ Երեք կասկածյալներ՝ Մաունթ-Լավինիա, Ջա Էլա եւ Հալլե քաղաքների բնակիչներ», - հայտնում է Newswire-ը։
Պարբերականը նաեւ տեսանյութ է հրապարակել վարչապետի այրված նստավայրից, որտեղ երեւում է, որ կրակը զգալի վնաս է հասցրել, մի քանի սենյակների պարունակությունն ամբողջությամբ ոչնչացվել է:
Նախօրեին բազմահազարանոց բողոքի ցույցերն ընդգրկել էին Շրի Լանկայի մայրաքաղաքը։ Այդ օրը նախատեսված խաղաղ երթի փոխարեն ցուցարարները ճեղքել են ոստիկանության պատնեշներն ու գրավել նախագահի պալատը։ Արդեն երեկոյան ցուցարարների բազմությունը եկել է վարչապետի նստավայր, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել։ Մի շարք լանկացի քաղաքական գործիչներ դատապարտել են վարչապետի նստավայրի հրկիզումը՝ նշելով, որ ավելի վաղ նա այդ տունը նվիրել է թագավորական քոլեջին, որտեղ կրթություն է ստացել: Քաղաքական գործիչները, այդ թվում՝ ընդդիմադիր, նշել են, որ թեեւ իրենք համաձայն չեն վարչապետի դիրքորոշման հետ, բռնությունը երբեք իրավիճակից ելք չի եղել։
Շրի Լանկան ամենածանր տնտեսական ճգնաժամն է ապրում 1948 թվականին երկրի անկախացումից ի վեր: Կորոնավիրուսի համաճարակը հարվածել է տուրիստական սեկտորին, արտարժույթի առանցքային աղբյուրին, ինչի հետեւանքով Շրի Լանկան չի կարող բավականաչափ վառելիք գնել: Երկրում զգացվում է պարենի, առաջին անհրաժեշտության իրերի, դեղորայքի եւ գազի պակաս։ Շրի Լանկայի շատ շրջաններ վառելիքի պակասի պատճառով բախվում են էլեկտրաէներգիայի մատակարարման մշտական խափանումների: Ընդ որում, կղզային պետության արտաքին պարտքը գնահատվում է 51 մլրդ դոլար։