Մոսկվայի մետրոյի Բոլշայա կոլցեւայա գծով երթեւեկությունը բացումից հետո առաջին հինգ օրը անվճար կլինի։ Այս մասին РБК-ին հայտնել են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
«Մենք հսկայական աշխատանք ենք կատարել՝ ավարտել ենք աշխարհի խոշորագույն օղակի կառուցումը, եւ ուզում ենք, որ յուրաքանչյուր ուղեւոր կարողանա գնահատել դրա հարմարավետությունը: 5 օրվա ընթացքում մետրոյի Բոլշայա կոլցեւայա գծի ցանկացած կայարան մուտքն անվճար կլինի»,- քաղաքային իշխանությունների որոշումը բացատրել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Մարտի 1-ին տեղի է ունեցել Բոլշայա կոլցեւայա գծի բացումը։ Դրան տեսահոլովակի միջոցով մասնակցել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Շահագործման են հանձնվել վերջին ինը կայանները՝ «Մարինա Ռոշչա», «Ռիժսկայա», «Սոկոլնիկի», «Տեքստիլշչիկի», «Պեչատնիկի», «Նագատինսկի Զատոն», «Կլենովիյ բուլվար», «Կաշիրսկայա» եւ «Վարշավսկայա»։
Բոլշայա կոլցեւայա գծը ներառում է 31 կայարան: Մետրոյի 70 կմ երկարությամբ նոր գիծը դարձել է աշխարհի ամենամեծ ստորգետնյա մետրոօղակը՝ առաջ անցնելով պեկինյանից։
Իրադարձություններին արագ հետևելու համար միացեք MediaHub-ի տելեգրամյան ալիքին https://t.me/MediaHub1world