ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հետ MediaHub-ը զրուցել է ՀԷՑ նոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունների, Հանձնաժողովի հարուցած վարույթի, ինչպես նաև չորս ամիս անց հավանական գործողությունների և ՀԷՑ-ը վերջնական «Տաշիր գրուպից» վերցնելու կամ խլելու գործընթացի մասին։
-Պարոն Մեսրոպյան, հիմա Ռոմանոս Պետրոսյանը՝ որպես ՀԷՑ-ի գործադիր մարմնի ղեկավար, իր լիազորությունների շրջանակներում ի՞նչ կարող է անել՝ առանց տնօրենների խորհրդին կամ բաժնետերերի ժողովին հարցնելու, օրինակ՝ ակտիվների վաճառք կարո՞ղ է իրականացնել։
-Ռոմանոս Պետրոսյանն իմ կողմից նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, նրա լիազորությունները սահմանված են էներգետիկայի մասին նոր օրենքով, ինքն այս պահին ՀԷՑ եռաշերտ կառավարման գործադիր մարմնի ղեկավարն է հանդիսանում և իրականացնելու է գործադիր մարմնի ղեկավարի բոլոր գործառույթները։ Բացի այդ, Էներգետիկայի մասին օրենքով նաև տրված է սահմանափակում, որ ՀԷՑ-ի վերևի շերտի կառավարիչները, այսինքն՝ բաժնետերերի ժողովը և տնօրենների խորհուրդը, առանց Ռոմանոս Պետրոսյանի հետ համաձայնեցնելու, առանց նրա թույլտվությունն ստանալու որևէ այլ գործողություն անելու իրավունք չունեն։
-Իսկ Ռոմանոս Պետրոսյաննն առանց բաժնետերերի ժողովի և առանց տնօրենների խորհրդի համաձայնությունը ստանալու որևէ գործողություն կարո՞ղ է անել։
-Այո և անում է։
-Հիմա ստացվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարիչն է, բայց, միևնույն է, ՀԷՑ-ը շարունակում է մնալ որպես ՓԲԸ՝ պատկանելով «Տաշիր գրուպին»։ Հիմա ձեր նպատակը ո՞րն է, ՀԷՑ-ը նաև ազատեք «Տիր գրուպի՞ց», որ այլևս չպատկանի այդ ընկերությանը։
-Եթե նկատի ունեք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և դրա նախագահին, ապա իմ նպատակը և հանձնաժողովի առաջնահերթ նպատակը հարուցված վարչական վարույթի շրջանակներում ուսումնասիրել և պարզել՝ վարույթով բարձրացված մտահոգությունները, հարցերը ապացուցելի՞ են, թե՞ ոչ։ Դա կտևի երեք ամիս՝ պլյուս մեկ ամիս։
-Այսինքն՝ Ռոմանոս Պետրոսյանն այս պահին ՀԷՑ-ի կառավարիչ է նշանակվել առնվազն երեք ամիս ժամկետով։ Եթե ապացուցվեն վարույթով բարձրացված խնդիրները, ի՞նչ է սպացվում դրանից հետո, Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը ևս մեկ ամսով կերկարաձգվի ու վե՞րջ, ի՞նչ է սպասվում դրանից հետո։
-Ոչ միայն մեկ ամիս, կարող է երկարաձգվել այնքան ժամանակ, քանի դեռ պետությունն իր վերջնական գործողությունները չի ավարտել ՀԷՑ-ի հետ կապված, այսինքն՝ նոր մրցույթ կհայտարարի կամ կոնսորցիումով կառավարման կտա։
-Նոր մրցույթ՝ ինչի՞ համար։
-Նոր ընկերության հաղթող ճանաչելու, բայց դա կկարողանա անել միայն այն ժամանակ, երբ վարույթն ավարտվի նրանով, որ հանձնաժողովը կորոշի «ՀԷՑ» ՓԲԸ-ին լիցենզիայից զրկել։
-Այսինքն՝ դա՞ է իրենից ենթադրում ազգայնացման պրոցեսը։
-Ազգայնացման պրոցես, թե պետականացման պրոցես․ ես ավելի շատ կասեի, բայց պետականացման պրոցեսն իքննանպատակ չէ, և այս պահին որևէ մեկը չի հայտարարել և չի պնդել, որ այս գործընթացը պետք է ավարտվի պետականացմամբ։
-Դե, ասում են՝ խլում են ՀԷՑ-ը «Տաշիր գրուպի» ձեռքից։
-Չէ, չէ, «խլել» եզրույթը, առհասարակ, ես չեմ ընդունում և սխալ ձևակերպում է դա, խլելու մասին խոսք չկա, իրավական պետություն ենք, օրենսդրական երկիր ենք, ի՞նչ խլելու մասին է խոսքը։
-Հիմա իրավական առումով լիցենզիայից զրկելը նշանակո՞ւմ է, որ ավտոմատ կերպով «Տաշիր գրուպը» կամ Սամվել Կարապետյանը դադարում են լինել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետեր։
-Լիցենզիայից զրկելը նշանակում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն այլևս իրավունք չի ունենալու լիցենզիայով տրված իր գործառույթներն իրականացնելու ՀՀ տարածքում՝ մինչև նոր որոշում կայացվի պետության կողմից։
-Իսկ ո՞ւմ կարող է տրվել հետո այդ լիցենզիան, պետությո՞ւնը կվերցնի իր վրա ՀԷՑ-ի տնօրինումը։
-Տարբերակ մեկ՝ պետությունն ինքն ամբողջությամբ կարող է տնօրինել, տարբերակ երկուս՝ պետությունը կարող է մրցույթ հայտարարել և նոր օպերատոր հրավիրել, տարբերակ երեք՝ պետությունը կարող է մրցույթ հայտարարել և կոնսորցիումով հանձնել կառավարման, տարբերակ չորս՝ կարող է պետությունը բանակցել և փայաբաժին ստանալ էդ կառավարումից։
-Հնարավո՞ր է այլ երկրի ինչ-որ ընկերություն լինի։
-Չի բացառվում։
-Թուրքիայի, թուրքական ընկերության մասով բացառո՞ւմ եք, քանզի այդպիսի խոսակցություններ կան։
-Դե, հիմա, դա քաղաքական հարց է, խոսակցություններ, ամեն տեսակի խոսակցություններ կարող են լինել։
-ՀԾԿՀ-ի համար ընդունելի կլինի՞, որ թուրքական որևէ ընկերություն սկսի կառավարել ՀԷՑ-ը։
-Թուրքական որևէ ընկերություն․․․ ես այդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել, ես այլ հարցի կարող եմ պատասխանել, որ երանի և լավ կլինի, որ րոպե առաջ գա այն օրը, երբ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա իր ենթակառուցվածքները, որը դեռ Խորհրդային միության տարիներից գոյություն ունեն Գյումրու երկու ենթակայանում, Կարսի գծերով կապվեն Թուրքիայի հետ և էլեկտրաէներգիա արտահանեն կամ ներկրեն էնտեղից։
Մանրամասն՝ տեսանյութում
Վահե Մակարյան