Երբ առաջին անգամ իշխանական զույգը մարդկանց հրապարակավ անվանեց համբալ, ոջիլ, տխմար ու խոտակեր անասուն, շատերը տվեցին տարբեր գնահատականներ, մեծամասամբ վերագրելով դրանք տգիտությանը։ Սակայն այս զույգը ոչինչ հենց այնպես կամ պահի ազդեցության տակ չի անում։ Պահի ազդեցության տակ թերևս միայն Փաշինյանի հիստերիաներն են Ազգային ժողովում։ Մնացած բոլոր դեպքերում դրանք ունենում են համակարգված ու նախօրոք մշակված սցենար, որոնք միշտ նախերգանքն են լինում հաջորդ, էլ ավելի քստմնելի գործընթացի։
Եվ ահա, այդ ոջիլը հենց այն ազդակն էր, որով հող նախապատրաստվեց Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակման համար։ Սկզբում շոշափեցին հասարակության արձագանքը նման բառապաշարին, հետո տևական ժամանակ դրանք գործածելով՝ մարդկանց ականջների համար դարձրեցին սովորական ու անցան երկրորդ փուլին։
Եկեղեցու վրա հարձակումը նույնպես սկսվեց հանրության համար երկրի ղեկավարի շուրթերից հնչող նախադեպը չունեցող արտահայտությամբ՝ «դոմփելով»։ Բնականաբար, նման արտահայտության առաջին ռեակցիան շոկն էր, ինչը սպասելի էր Փաշինյանի համար, այնուհետև նա կրկնեց իր այդ ցինիկ արտահայտությունը, կրկին վերածեց սովորական խոսույթի ու անցավ հարձակման եզրափակիչ փուլին, իրեն ցանկալի ընթացքով։ Հիմա բոլորն ամեն առավոտ իրենց օրը սկսում, իսկ երեկոյան ավարտում են Փաշինյանի ֆեյսբուքյան էջ մտնելով։ Նա իր ֆեյսբուքյան էջի մուտքը դարձրեց պարտադիր, որի միջոցով էլ գեներացնում է իր օրակարգը, որը վաղուց էր մշակված։
Կուսակրոն հոգևորականների կուսության հարցը կեղծ օրակարգ է, դա այն վարագույրն է, որը քողարկում է նրա իրական նպատակը, իսկ իրական նպատակը մաքուր քաղաքական է։
Մենք շատ դեպքերում թերագնահատելով քաղաքական հակառակորդին կա՛մ չենք նկատում, կա՛մ չենք ուզում նկատել վերջիններիս «ուժեղ կողմերը», ինչն էլ նրանց քաղաքական պայքարում առավելություն է տալիս մեր նկատմամբ։ Որքան էլ մենք սոցիալական ցանցերում ծաղրենք, պիտակավորենք, բայց մի բան փաստ է՝ Փաշինյանը կեղծ օրակարգեր ձևավորելու հանճար է, որոնց միջոցով էլ իրականացնում է իր իրական նպատակները։ Այդպես նա հանձնեց Արցախը, այդպես հանձնեց Հայաստանի տարածքները, այդպես հակադրություն ստեղծեց «պատմական» ու «իրական» Հայաստանների մեջ, այդպես է պատրաստվում փոխել ՀՀ սահմանադրությունն ու այդպես է նախատեսում ադրբեջանցիներին բնակեցնել Հայաստանում։
Ներկայումս բոլորի ուշադրությունը սևեռված է այլոց կուսության ու անձնական կյանքի վրա, բոլորը սպասում են այն հարցի պատասխանին, արդյո՞ք վեհափառն ունի երեխա, թե՞ ոչ։ Սակայն դրանք երկրորդական հարցեր են ու իրականում այդ հարցերի պատասխանները Փաշինյանին չեն էլ հետաքրքրում։ Նրա միակ նպատակը վեհափառից ու մի շարք հոգևորականներից ազատվելն է ու մինչ մենք տրված կեղծ օրակարգին քչփորում ենք մարդկանց անկողինը, Փաշինյանը կհասնի իր նպատակին ու միայն սթափվելուց հետո մենք կհասկանանք, որ արդեն ունենք նոր հայրապետ ու նոր սրբազաններ, թեկուզ նրանք լինեն բազմազավակ հայրեր։
Կարեն Կարապետյան