Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հունիսի 13-ին նշվել է վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը: Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից: Հաղորդում է Aliq Media-ն։
Ընդունելության ու համերգին ներկա են գտնվել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալին, Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն, խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Սոզար Սուբարին, այլ քաղաքական ու հասարակական գործիչներ, հոգևորականներ, հայտնի հյուրեր ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից:
Բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, ով ողջունել է հյուրերին, խոսել վրաց-հայկական դիվանագիտական հարբերությունների կարևորության մասին:
«Երկու ժողովուրդներն էլ բազմադարյա պատմության ընթացքում անցել են բազմաթիվ փորձությունների միջով, սակայն մեզ միավորում է պատմությունը, կրոնը, մշակույթը և այլ բազմաթիվ օրինակներ: Անկախությունից ի վեր Հայաստանն ու Վրաստանը զարգացրել են փոխըմբռնման և ընդհանուր շահի վրա հիմնված հարաբերությունները»,- նշել է Սադոյանը:
Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիի խոսքով՝ այս կարճ ժամանակաշրջանը չէ, որ ի ցույց է դնում երկու երկրների միջև հարաբերությունների ավանդույթը, քանի որ այն տարիների պատմություն ունի:
Ըստ Դարսալիի՝ արագ փոփոխվող քաղաքական միջավայրում շատ կարևոր է երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացումը, որպեսզի երկուստեք հնարավոր լինի մարտահրավերներին դիմակայելն ու առաջընթացը:
Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ընդգծել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև կապը պամությունից է գալիս և դրա վառ ապացույցը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարիներն են, որի վրա էլ հիմնված են ապագա հարաբերությունները:
«30 տարի է հաստատված են դիվանագիտական հարաբերությունները և մենք պետք է ամենն ամփոփենք, պահենք սրտում և մտքում, պահպանենք ամենն ու էլ ավելի խորացնենք և հզորացնենք բոլոր ուղղություններով»,- ասում է Աբաշիձեն: