Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած բարեփոխում զգուշությամբ և մտածված պետք է իրականացվի, որպեսզի ոստիկանական համակարգը չենթարկվի ցնցումների. Արա Ֆիդանյան

Blog Image

Ոստիկանությունը հանդիսանալու է նախարարությանը ենթակա մարմին, որը բաղկացած է լինելու ոստիկանապետի ուղիղ ենթակայության տակ գործող հիմնական, մասնագիտական, կառուցվածքային և աջակցող ստորաբաժանումներից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը,  ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հուլիսի 12-ին հրավիրված «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ՝ ներկայացնելով կառույցի հիմնական, մասնագիտական և աջակցող կառուցվածքային ստորաբաժանումները:

ՀՀ ԱԺ կողմից Ներքին գործերի նախարարության ձևավորման օրենսդրական փաթեթի ընդունումից հետո, երբ կամբողջանա Ոստիկանության կառուցվածքը, ըստ Արա Ֆիդանյանի, նախատեսվում է իրականացնել այդ ստորաբաժանումների, խնդիրների ու գործառույթների, կատարվող աշխատանքների ծավալի և անձնակազմի թվի հարաբերակցության աուդիտ, որի ընթացքում կորոշվեն ենթակառուցվածքային ստորաբաժանումները և անձնակազմի քանակը, կվերացվեն գործառույթների կրկնողությունները և կբացառվի ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթների նախատեսումը՝ վերջիններիս գործունեությունը համապատասխանեցնելով ժողովրդավարական պետություններին բնորոշ մասնագիտացված, պրոֆեսիոնալ կառույցների չափանիշներին: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների առումով ևս նախատեսվում են բարեփոխումներ, որի տեսլականը նախնական ներկայացվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստին և վերջնական հավանության արժանանալուց հետո առավել դետալային քննարկման կներկայացվի բոլոր շահագրգիռ գերատեսչություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ միջազգային գործընկերներին:

«Ոստիկանության զորքերի վերակազմակերպումը ոստիկանության համար ևս առաջնահերթություն է համարվում: Մեկնարկած բարեփոխումներով նախատեսվում է Ոստիկանության զորքերի և պետական պահպանության գլխավոր վարչության հենքի վրա ձևավորել Ազգային գվարդիա՝ որպես ոստիկանության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում»,- ասել է Արա Ֆիդանյանը՝ հավելելով, որ նախատեսվում է որոշ մարզերում նույնպես ստեղծել Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ:

Նա անդրադարձել է նաև Ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացմանն ու սոցիալական երաշխիքների ընդլայնմանը:

«Ոստիկանությունն այսօր հանրապետության առջև ծառացած լրջագույն խնդիրներ լուծող կառույց է, և որևէ բարեփոխում այնպիսի զգուշությամբ և մտածված պետք է իրականացվի, որ համակարգը չենթարկվի ցնցումների»,- ամփոփել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալը:

Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Քոչարյանը ելույթում անդրադարձել է նախարարության դերակատարությանը, պետական ապարատում կառույցի գործառույթներին: Նա ընդգծել է լիազորությունների ճիշտ սահմանազատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ռիսկերի չեզոքացման միակ ճանապարհը եղել և մնում է ճիշտ հավասարակշռությունը, գործառույթների հստակ սահմանազատումը և հսկողության պատշաճ ընթացակարգերը:

Խոսելով ՆԳՆ ստեղծելու անհրաժեշտության մասին՝ Հովհաննես Քոչարյանն ասել է.

«Եթե մենք ցանկանում ենք ունենալ ապաքաղաքական ոստիկանություն, պետք է ունենանք ՆԳՆ: Սա աքսիոմա է»:

Նրա դիտարկմամբ՝ ոստիկանության համակարգում տեսանելի բարեփոխումներից մեկը Պարեկային ծառայության ներդրումն է՝ միակ ռազմավարական ծրագիրը, որը 2008 թ. հետո ունեցել է միջազգային հանրության ու իշխանության աջակցությունը:

Send