Չեմ ասի, որ սոված ենք, սոված մարդ չկա, հաղթահարում ենք. MediaHub-ի հետ զրույցում ասում է արցախցի Արմինե Գրիգորյանը։ Արմինեն 46 տարեկան է, մասնագիտությամբ խոհարար, 6 երեխաների մայր: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Շուշիից ընտանիքով տեղահանվել են Ստեփանակերտ։
«Արդեն կտրոններ են բաժանել, որի մեջ սնունդ է, կարծում եմ՝ կբավարարի։ Կտրոնները մեկ անձի համար՝ 1լ ձեթ, 0.5 կգ շաքարավազ, 0.5 կգ բրինձ, 0.5 կգ վերմիշել, 0.5 կգ գրեչկա, իսկ կաթնամթերքը խանութներում վաճառում են, հիգիենայի պարագաներ ևս կան»,-ասաց Արմինե Գրիգորյանը։
Նրա խոսքով, չնայած հիմա Արցախում խանութները դատարկ են, բայց վաղը կբերեն, որ ժողովուրդը կարողանա օգտվել։
Արմինե Գրիգորյանը նշում է, որ այս պահին երկրում ամենից վատ վիճակը ոչ թե սովի հարցն է, այլ ժողովրդի անվտանգային խնդիրները։
«Զինվորները սահման են պահում, ամենից կարևորը դա է, քուն ու դադար չունենք, սոված մարդ չկա. հիմա ավելի շատ անվտանգության, համերաշխության սով է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հիմա Արցախի լինել-չլինելու, ազգի հարցն է որոշվում։
Արմինե Գրիգորյանը նշում է, որ շրջափակման ամենամեծ խնդիրներից մեկն էլ էլեկտրաէներգիայի անջատումներն են, օրական պարտադիր երկու անգամ անջատում են հոսանքը։
Մեր զրուցակցի երեք դուստրերը Հայաստանում են, արդեն 38 օր է չի տեսել նրանց.
«Մեծ տղաս և երկու աղջիկներս ամուսնացած են, մյուս աղջիկս էլ է Երևանում, աշխատում է, համացանցն էլ խափանումներով է գործում, բայց կարողանում ենք կապվել միմյանց հետ»,-ասաց նա՝ կոչ անելով հայրենակիցներին, որ նյութականից բացի սիրեն իրենց ազգը, հայրենիքը։
Շուշանիկ Միսկարյան