Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Հրազդանի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժաժներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Հրազդան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ մի քանի խմբերի, ովքեր նշված վայրից 6 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Հրազդան բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վիրավորներից 2-ի ոտքերը եղել են անդամահատված։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցիցի ահազանգ է ստացվում ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնում են, որ վիրավորներից 2-ը մահացել են։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում։