Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար 350.000 ԱՄՆ դոլար են ստացել և մսխել այն․ Խաչատրյան

Blog Image

ՀՀ առողջապահության նախարարությունը 350.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, սակայն գումարի մի մասը մսխվել է։ Այդ մասին ահազանգում է «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։

MediaHub.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2021թ․ դեկտեմբերի 22-ին ստորագրել է N 5105–Ա հրամանը, որով պետք է 350.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհը ուղղվեր կորոնավիրուսի դեմ պայքարի իրականացմանը։

«Այդ գումարը պետք էր կորոնավիրուսային համավարակի դեմ պատրաստվածության բարձրացման, սպառնալիքների հայտնաբերման և այլնի համար»,- ասաց Խաչատրյանը։

Ըստ նրա՝ սա միակ հրամանը չէ դրամաշնորհային ծրագրի մասին։

«Փաստացի, ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ «պայքարելու» համար ստացել է հսկայական միջոցներ և՛ պետական բյուջեից, և՛ տարբեր կազմակերպություններից, սակայն համավարակի դեմ պայքարը ձախողել է»,- ասաց նա։

Մարինա Խաչատրյանը նկատեց, որ ինքը հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե որքան գումար է ծախսվել կորոնավիրուսի դեմ պատվաստման հոլովակների ու քարոզարշավի համար, սակայն իրեն պատասխանել են, որ այդ ամենը պետբյուջեի միջոցներով չի արվել, բայց և չի էլ նշվել, թե որն է եղել գումարի աղբյուրը։

«Բացի այդ, շատ կարևոր հանգամանք է Հաշվեքննիչ պալատի բացահայտումը՝ 26 մլրդ դրամի չարաշահման մասին, և իմ ունեցած ներքին տեղեկատվության համաձայն՝ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Եվ այս գումարների մսխումն ընդհանուր բյուջեից է, որտեղ ներառված է նաև այս դրամաշնորհը»,- նշեց նա։

Ըստ Մարինա Խաչատրյանի՝ այդ դրամաշնորհային ծրագրում նշվում էր, որ պետք է ինչ-որ սարքավորումներ ձեռք բերվեն, մասնավորապես՝ խոսքը պուլսօքսիմետրի մասին է։

«Այդ սարքը դնում են մատին, և այն ցույց է տալիս պուլսն ու թթվածնի քանակությունն արյան մեջ։ Եվ իմ հարցումն այդ մասին էր, թե քանի պուլսօքսիմետր է ձեռք բերվել։ Իմ այդ հարցմանը պատասխանել են, բայց ես ներքին աղբյուրներից տեղեկանում էի, որ հիվանդանոցներում այդ սարքերից չկան։ Իսկ ո՞ւր էին կորում այդ սարքերը, մութ մնաց։ Անգամ դիմել էի առողջապահական տեսչական մարմին, որ իրենք հետազոտություն անեն, բայց դիմումս արձագանք չգտավ»,- ասաց նա։

Send