Հայաստանն իր օդային տարածքը փակելու որոշում չի կայացրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի քարտուղար Լիլիթ Աղաբեկյանը։
«Հայաստանի կողմից օդային տարածքը փակելու որոշում չի կայացվել»,– ասել է նա։
Ինչ վերաբերում է երեկվանից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների` ՀՀ տարածքը շրջանցելու մասին տեղեկություններին, մեր զրուցակիցը չհերքեց դրանք` միաժամանակ ասելով, որ դա թերևս այդ երկրի կամ ավիաընկերությունների զգուշավորության արդյունք է։
Տեղեկացնենք` Hetq.am-ը հայտնել էր, որ Բաքվից Նախիջևան թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռները սեպտեմբերի 12-ին իրենց թռիչքներն իրականացրել էին Իրանի օդային տարածքով` շրջանցելով Հայաստանի երկինքը։Ավելի ուշ ադրբեջանական աղբյուրները, հավելելով հայաստանյան լրատվամիջոցի տեղեկությունները, հայտնել էին, որ «Թուրքական ավիաուղիները» նույնպես այս օրերին խուսափում են ՀՀ օդային տարածքից։
Այսպես` ադրբեջանական axar.az կայքը գրում է, որ Նախիջեւան-Գյանջա-Ստամբուլ չվերթն այսօր տեղի է ունեցել՝ օգտագործելով Իրանի և Վրաստանի օդային տարածքները։