«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեւանի ավագանու ընտրություններից հաշված ամիսներ առաջ թեեւ որոշ ուժեր չեն շտապում բացել խաղաքարտերը, սակայն նախընտրական ակտիվ բանակցություններ են վարում։ Տեղեկացանք, որ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն ու նրա շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանն օրերս հանդիպել են Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Մարությանը թեեւ դեռ պաշտոնական հայտարարություն չի արել առաջադրվելու մասին, սակայն նրա շրջապատից վստահեցնում են, որ մինչեւ ամսվա վերջը կլինի նման հայտարարություն։
Հանդիպման նպատակը եղել է հետընտրական դաշինքների հարցը, սակայն Մարությանը, չբացառելով համագործակցության որեւէ տարբերակ, ասել է` պետք չի ձուկը ջրում բազար անել, ընտրություններից հետո, երբ ամեն ինչ պարզ կլինի, նոր կարելի է խոսել այդ մասին։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցինք իրենց հանդիպումների մասին, նա ընդամենը փոխանցեց, որ շատերի հետ է հանդիպում, իսկ հետընտրական համագործակցության մասին հարցին չպատասխանեց` ասելով․ «Այս պահին` այսքանը, մեկնաբանություն չունեմ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեւան դարձած, ի՛մ Էրեբունի,
Դարեր ես անցել,
Բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով,
Քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն».
այս տողերը 2017 թվականին երգում էր Նիկոլ Փաշինյանը՝ որեւէ կարեւոր իրադարձությամբ չնշանավորվող «Ելք» դաշինքի ավագանու ընտրություններին ընդառաջ:
Հիշեցնենք, որ դաշինքի անդամ մի շարք թեկնածուներ՝ Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Մխիթար Հայրապետյանը, Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանի հետ թողարկեցին երգ՝ հայրենիքին, մայրաքաղաքին ու նրա պետական խորհրդանիշներին գովաբանող տեքստով: Ու թերեւս ամեն ինչ կշարունակեր մնալ այսքան վառ ու գունավոր, քանի դեռ մայր Հայաստանի խորհրդանիշները գովերգող այսօրվա վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ չմոռանար պատառիկներն իր անցյալից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2022 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում հնչեցրեց հերթական վիճահարույց հայտարարությունը՝ անդրադառնալով Գեղամ Մանուկյանի այն խոսքին, որ եթե հայրենի իշխանությունները «կադաստրի թուղթ» են ման գալիս, ապա այդ թուղթը մեր զինանշանն է:
ՀՀ վարչապետը հայտարարեց, թե մեր զինանշանը ինքը համարում է 1991 թվականին ձեւավորված պետության հետ կապ չունեցող մի պատկեր ընդամենը, մինչդեռ 2017 թվականին երգում էր «Մասիս հոր» մասին, «Արաքս մոր» մասին եւ ունեցած դարավոր պատմության մասին:
Եւ ստացվում է, որ, անցնող տարիների ընթացքում ավելացած հոգսերի, փոփոխված պաշտոնների ու պաշտոնյաների ֆոնին, փոխվել է նաեւ հարգանքն ու ընկալումը սեփական պետության խորհրդանիշների նկատմամբ:
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը թեպետ մեկնարկելու է օգոստոսի 23-ից, սակայն իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արդեն սկսել են այն։ Խոսքը, բնականաբար, Տիգրան Ավինյանի մասին չէ, որը մեկ տարուց ավելի է` այդ գործով է զբաղված։ ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է` իրենց բակերում, թաղամասերում ակտիվ զրույցներ սկսել քաղաքացիների հետ, շտաբներում հանդիպումներ կազմակերպել եւ զբաղվել Ավինյանի լոբբինգով։
Քարոզարշավի մեկնարկը տվեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ կիրակի օրը շրջելով մայրաքաղաքի փողոցներով, այցելելով ցուցահանդես, օգտվելով հասարակական տրանսպորտից։ Իհարկե, վարչապետի տիկնոջ հրապարակած տեսանյութից անգամ երեւում էր, որ Փաշինյանն ավտոբուս է բարձրացել ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ, իսկ ավտոբուսում նստած մարդիկ նախկինի պես Փաշինյանով ոգեւորված չէին, սակայն իշխանական քարոզչամեքենան փորձեց այդ շրջայցը ներկայացնել այն լույսի ներքո, որ վարչապետը կարողանում է անարգել շրջել փողոցներով, քանի որ մարդկանց սերն ու վստահությունն է վայելում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն օրը Փաշինյանին դավաճան անվանելու համար ձերբակալել են Վարուժան Ավետիսյանի որդուն։ Իշխանության մեր աղբյուրները, այդուհանդերձ, վստահեցնում են, որ Փաշինյանին այդ միջադեպը հետ չի պահի, եւ առաջիկայում նոր փիառի տարբերակներ են սպասվում, քանի որ Փաշինյանի համար Երեւանի հաղթանակը կենսական նշանակություն ունի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2020թ. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում, պարբերաբար նոր աղմկահարույց բացահայտումներ են լինում, բայց ոչ թե պատերազմի հանգամանքների կամ իշխանության կառավարման անկարողության, այլ հենց հանձնաժողովի եւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գործունեության հետ կապված:
ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաեւ ղեկավարում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, պարբերաբար հայտարարում էր, թե հրավեր է ուղարկել մի շարք զինվորականների եւ բարձրաստիճան պաշտոնյաների, բայց վերջիններս չեն եկել քննիչ հանձաժողով:
Քոչարյանը հրապարակել էր զինվորականների եւ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք, ըստ նրա, վախենում են գնալ ԱԺ։
«Զինվորականներ կան, որոնք վախեցած են, օրինակ` Տիրան Խաչատրյանը, որը հրապարակայնորեն հրաժարվել է գալ նիստին։ Արտաքին քաղաքականության հարցերով ես հրավիրել եմ Վարդան Օսկանյանին, որը հրաժարվել է, բայց մենք նորից կուղարկենք հրավեր․ Արցախի հետ կապված լսումների ժամանակ ինքը պետք է բարի լինի, գա, որովհետեւ շատ հարցեր առնչվելու են ԱԳՆ-ի իրականացրած քայլերին»,- հայտարարել էր նա։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Տիրան Խաչատրյանը հերքեց Անդրանիկ Քոչարյանին՝ պնդելով, որ իրեն մինչ օրս հրավեր չի եկել:
Տիրան Խաչատրյանը մանրամասնեց, որ իրեն այս ընթացքում զանգահարել է Անդրանիկ Քոչարյանի քարտուղարը, հարցրել բնակության հասցեն, որպեսզի քննիչ հանձնաժողով գնալու հրավեր-նամակ ուղարկեն, սակայն այդպես էլ հրավեր չի եկել. «Ես ունեմ մի բնակարան, մեկ հասցե, որտեղ գրանցված եմ եւ ապրում եմ, ինձ երբեւէ որեւէ կառույցի կողմից նամակ չի եկել, ինձ հրավեր չի եկել»: Այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանը հրապարակավ ստել է՝ ասելով, թե մարդիկ չեն ներկայանում նիստերին: Թեեւ Տիրան Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ
«եթե հրավերը հասնի էլ, միեւնույնն է, չեմ գնալու»:
Փորձեցինք կապ հաստատել նաեւ Անդրանիկ Քոչարյանի հետ՝ հասկանալու, ի վերջո, հրավեր ուղարկվել է Տիրան Խաչատրյանին, թե ոչ, սակայն վերջինս, լսելով «Ժողովուրդ» օրաթերթի անունը, միանգամից «հուզվեց»։
«Չի հետաքրքրում՝ «Ժողովուրդ» օրաթերթից եք, թե «տիեզերքից», ես հեռախոսով մեկնաբանություն չեմ տալու»,- անգամ հարցը չլսելով՝ Քոչարյանը նման տարօրինակ պատասխան տվեց ու անջատեց:
Թերեւս նյութը կարդալուց հետո մի բոցաշունչ տեքստ կհրապարակի ՔՊ-ական պատգամավորը, իսկ մինչ այդ նկատենք, որ տպավորություն է, թե Անդրանիկ Քոչարյանն այս հանձնաժողովն օգտագործում է ոչ թե պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու ու իրականությունը բացահայտելու, այլ, հակառակը, իրականությունը խեղաթյուրելու, փաստերը կոծկելու, Նիկոլ Փաշինյանին արդարացնելու եւ նոր մեղավորներ նշանակելու համար: