ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը պլանավորված է Ալյասկայում, տեղի կունենա օգոստոսի 15-ին Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում:
Ամբողջ աշխարհը սպասում է, թե ի՞նչ են քննարկելու և որոշելու երկու գերտերությունների առաջնորդները։ Բացի այդ, աշխարհը քննարկում է նաև Պուտինի, Թրամփի և Զելենսկու հնարավոր հանդիպումը՝ եթե Ալյասկայում առաջնորդների հանդիպումը լավ ընթանա:
Բնականաբար՝ Ուկրաինայի հարցը հանդիպման գլխավոր թեմաներից է լինելու։
Արդյո՞ք ՌԴ–ի և Ուկրաինայի միջև պատերազմը հնարավոր է ավարտվի առաջիկա շաբաթների ընթացքում, ի՞նչ սպասել Ալյասկայի հանդիպումից․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ:
Ռուս քաղաքագետը հիշեցրեց, որ դեռ մի քանի ամիս առաջ MediaHub-ի հետ զրույցում նշել էր՝ սեպտեմբեր ամսին հնարավոր է ռուս-ուկրաինական հարցը մեծ մասով լուծված լինի։
«Հուսով եմ, որ սեպտեմբերին մենք կստանանք ապագա աշխարհակարգի ամբողջական պատկերը: Կարծում եմ, որ, ամեն դեպքում, նրանց նպատակները կիրականացվեն. ամբողջ աշխարհը սպասում է այս հանդիպմանը, այն իսկապես ճակատագրական կլինի։ Հիմա կայացվող որոշումները, իհարկե, մի կողմից վերաբերում են Ուկրաինայի հարցերին, բայց մյուս կողմից, դրանք, առաջին հերթին, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև համագործակցության հարցեր են՝ թե՛ Թրամփի նոր քաղաքականության, թե՛ Վլադիմիր Պուտինի քաղաքականության նոր ըմբռնման վերաբերյալ»,– նշեց Սապրիկան։
Ռուս քաղաքագետը ավելացրեց, որ չի կարծում, թե ամեն ինչ ամբողջապես կավարտվի սեպտեմբերին։ Իհարկե, կլինեն որոշակի վիճելի հարցեր.
«Նախ, պետք է նայենք այն խնդրին, որը գոյություն ունի Ուկրաինայի տարածքում։ Զելենսկին մեկ տարուց ավելի է, ինչ օրինական նախագահ չէ, կան սոցիալ-քաղաքական ներքին հակամարտություններ, որոնք լուրջ ճգնաժամ են առաջացրել ուկրաինական հասարակության մեջ, և նրանք չգիտեն, թե ինչ կլինի ռազմական գործողություններից հետո, ինչպես կապրեն և ընդհանրապես՝ ինչ կունենան ապագայում։ Մենք պետք է հասկանանք, որ այս հակամարտությունը, նախ, ԱՄՆ-ին պետք չէ՝ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության մեջ։ Եվ պետք է նաև հասկանանք, որ այստեղ գլխավորը տարածքը չէ, այլ երկարաժամկետ նպատակները, որոնք Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում սահմանել է»,– ասաց նա։
Մեր հարցին՝ արդյո՞ք հնարավոր է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բարեկամության գոյությունը, այս իրականության մեջ, ռուս քաղաքագետը նշեց․
«Այս պահին մենք կարող ենք խոսել ոչ թե բարեկամության, այլ գործընկերության և համագործակցության մասին։ Սպասենք հանդիպման ավարտին : Իհարկե, շատ դժվար է կանխատեսել հնարավոր գործողությունները, բայց, ամեն դեպքում, հիմա ԱՄՆ վարչակազմը և Դոնալդ Թրամփը ցույց են տալիս երկխոսության իրենց մտադրությունները։ Եթե Ջո Բայդենի վարչակազմը և ինքը՝ Ջո Բայդենը կոշտ դիրքորոշում էին ընդունել, որը թույլ չէր տալիս որևէ երկխոսություն, ապա հիմա մենք տեսնում ենք երկխոսության ցանկություն, որը կաջակցվի, այդ թվում՝ Ռուսաստանում»։
Մարիաննա Արամյան