Հունիսի 3-ի ոստիկանական գործողությունները մեկ բառով սադրանք կորակեի: Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ի ոստիկանության գործողություններին։
«Ինչու, որովհետև խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ ոստիկանական անակնկալ ուժի կիրառումը արդարացված չէր: Եթե իսկապես ոստիկանների նպատակը հավաքը ցրելն էր, ապա դա կանեին հավաքի մասնակիցներից նախապես պահանջելով ազատել տարածքը, ինչը չի արվել»,- ասաց Թովմասյանը։
Հարցին՝ ըստ պատգամավորի՝ ինչու՞ հատուկ միջոց կիրառվեց, ինչով էր նման քայլը պայմանավորված, վերջինս նշեց․
«Կարծում եմ՝ նպատակը ըմբոստ քաղաքացիներին վախեցնելն էր: Բայց մտահոգիչ են այն բարձրաձայնումները, որ հատուկ միջոցները ժամկետանց են եղել: Ինչպես նաև, այն իրողությունը, որ ոչ թե օդ կրակվեց, այլ քաղաքացիների ուղղությամբ, նրանց մեջ: Դրա համար ունենք բեկորային վնասվածքներ ստացած քաղաքացիներ և ոստիկաններ: Սա անընդունելի է»:
Թովմասյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում նման մասշտաբի գործողությունները չեն կարող ծավալվել առանց քաղաքական իշխանության իմացության և հրահանգի:
«Նիկոլ Փաշինյանը, իմ համոզմամբ, առնվազն տեղյակ է եղել այդ մասին»,- ասաց Թովմասյանը։
Անդրադառնալով հունիսի 3-ին տեղի ունեցած գործողությունների առնչությամբ պատժամիջոցների կիրառմանը, պատգամավորը նշեց․
«Ակնհայտ է, որ քաղաքացիները, որոնք ոստիկանների նկատմամբ անընդունելի վարքագիծ են դրսևորել, պատժվում են, իսկ ոստիկանները, որոնք կոնկրետ բռնություններ են գործադրում քաղաքացիների նկատմամբ, ծեծում նրանց, ազատության մեջ են: Այս երկակի չափորոշիչները անընդունելի են և դատապարտելի: Պատիժը միայն ընդդիմախոսների համար չէ»,- ընդգծեց Թովմասյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 3-ին նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, սակայն իշխանական պատգամավորները չէին ներկայացել նիստին և տապալել էին այն: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել էին Կառավարության շենք և շրջափակել բոլոր մուտքերը:
Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացել էին Կառավարության բոլոր մուտքերը և շարժվել դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ, ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։ Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները հրաժարվել էին բացել ճանապարհը, որից հետո ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր սկսվել։ Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման էին ենթարկել բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաև հատուկ միջոցներ էին կիրառել, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել էր, այդ թվում՝ ոստիկանների։ Մի քանի տասնյակ քաղաքացի և ոստիկան տեղափոխվել էին հիվանդանոց։
Մերի Գևորգյան