«Հրապարակ» թերթը գրում է.
Արցախից բռնի տեղահանված 100 հազարից շատերը, եթե չասենք՝ բոլորը, հարցին, թե ինչ առաջնային խնդիր ունեն, առանց մտածելու պատասխանում են՝ տուն ենք ուզում, թեկուզ՝ փոքր, թեկուզ՝ մեկ սենյակ, թեկուզ՝ ոչ Երեւանում, բայց՝ մերը։
Սերտիֆիկատով գնված տունը «Նոյյան տապան» է դարձել բազմազավակ ընտանիքի համար
Հրանուշ Մարատի Սարգսյանն այն հազարավոր արցախցիներից է, ով Լեռնային Ղարաբաղի Իվանյան գյուղում՝ նախկին Խոջալուում, 2 տուն ուներ՝ իր երկու հարկանին եւ ամուսնու ծնողներինը։ Հիմա 2 երեխաների հետ կուչ է եկել ծնողների տանը՝ Արարատի մարզի Սիսավան գուղում։ Ծնողները տեղահանվել են 20 թ․ պատերազմից հետո, պետության տրամադրած սերտիֆիկատով փոքր տուն են գնել, եւ այժմ այդ տունը «Նոյյան տապան» է դարձել բազմազավակ ընտանիքի համար։ 12 երեխա է ընտանիքում, Հրանուշը 3 քույրերից մեկն է։ Վերջին տարիներին նրա կյանքն անցել է պատերազմների միջով։ 2023 թ․ սեպտեմբերի 23-ին նա քույրերի ու երեխաների հետ ճամփա է ընկել, 4 օրում հասել Գորիս։ «Ճանապարհները շատ վատն էին, սոված, ծարավ, ցեխերի մեջ, խցանումները՝ շատ։ Ամեն տեղ կանգնացնում էին, ստուգում էին, երեխեքը սոված, ձեռքներս մի կտոր հաց չկար»,- պատմում է նա։ Հիշում է՝ հետեւից դիակներ տեղափոխող մեքենան էր գալիս, որոնցից մեկում փոքր եղբոր՝ Սերոբ Մազուլյանի դին էր։ Նրա մարմինը Հրանուշը չի տեսել։ Մահվանից 9 օր հետո են նրան հողին հանձնել։ Միայն եղբայրներից մեծն է տեսել, որը գնացել էր Սերոբին ճանաչելու։
26 տարեկան էր Սերոբ Մազուլյանը՝ պայմանագրային զինծառայող, դասակի հրամանատար։ Սեպտեմբերի 14-ին հերթափոխը լրացել էր, տուն էր գնացել։ «16-ին՝ քույրիկիս ծննդյան օրը, զանգում են, նստած հաց էր ուտում, բա՝ համար մեկ տագնապ ա, նորից պետք ա բարձրանաք։ Հաց էլ չկերավ։ Շորերը հագավ, ոչ մեկին հաջող չարեց, գնաց ու գնաց․․․»,- տրտմում է Հրանուշը։ Ամուսինն էլ 44-օրյա պատերազմի ժամանակ հաշմանդամ է դարձել՝ Մարտակերտի Անկյուն դիրքի մինապատ տարածքում տեղի ունեցած պայթյունից։ «Ոտքի ջլերը կտրվել էին։ Մի կերպ կպցրեցին։ Հիմա Ռուսաստանում է՝ ծնողների հետ։ Երկրորդ անգամ պետք է բուժումներ ստանա, լավ չի քայլում։ Եթե բուժվի, ոտքի կանգնի, ամեն ինչ լավ լինի, ես էլ կգնամ երեխաներիս հետ Ռուսաստան»,- պլանավորում է Հրանուշը։ Նա արտագաղթի հետ է կապում իր ապագան, իսկ ներկայում լիակատար անորոշություն է։ Ընտանիքն օր-օրի գլորվում է աղքատության անդունդը։ «Մայրս շաքար ունի, ես շաքար ունեմ։ Երեխաս սթրես է տարել։ Հակարի կամուրջը որ հասանք, թուրքերը մտան ավտոբուսների մեջ։ Մեծ աղջիկս մինչեւ հիմա սթրես է ապրում։ Երկրորդ խոսքից, անկախ իրենից, գոռում է։ 12 տարեկան է։ Բարկանում է, ամբողջ մարմինը ներվերից դուրս է տալիս։ Պահ է լինում, չեմ դիմանում, հասնում եմ, խփում եմ, հետո նստում լացում եմ։ Ախր երեխես սթրես է ապրել, մեղք չունի՝ 9 ամիս սոված, բլոկադայի մեջ, ահավոր պայմաններում»։
Ռուսի գեներալն ասեց՝ մի լացի, ես քո երեխաներին կբերեմ
Այդ օրերին Հրանուշն աշխատում էր ռուս խաղաղապահների մոտ։ Խոհարար էր։ Սեպտեմբերի 19-ին աշխատանքի էր։ «Լացեցի, ասեցի՝ գնում եմ երեխաներիս բերեմ։ Ռուսի գեներալն ասեց՝ մի լացի, ես քո երեխաներին տնից կբերեմ, քեզ կտամ։ Ու իրոք՝ գնաց բերեց։ Հետո ասեցին՝ զինադադար ա, բայց իրականում զինադադար չէր։ 100 հազար մարդ հավաքված էր աէրոպորտում։ Ասում էին, որ աէրոպորտի վրա չեն կարողանա խփեն, մի վախեցեք։ 2 օր երեխաներիս պահել եմ այնտեղ։ Հետո զինադադար տվեցին, ասեցինք՝ գնանք մեր տները։ Եկանք հասանք տուն, ժամանակ տվեցին, ասեցին՝ պետք է դուրս գաք։ 2 կմ էր Խոջալուից օդանավակայան։ Գիտե՞ս ոնց էր Ղարաբաղի կյանքը 20 թվից հետո՝ կրակոցը մեզ համար սովորական բան էր։ Սաղ օրը կրակոց էիր լսում, ու արդեն սովորել էինք, դարձել էինք զոմբի։ Ես էլ 8 տարի զորամասում աշխատել եմ, ինձ համար կրակոցը սովորական բան էր։ Ես նույնիսկ տեսել եմ, թե ոնց է զինվորն իմ աչքի առաջ ինքնասպան լինում։ Ասում էին՝ Եհովայի վկա էր»։
Հրանուշ Սարգսյանն օգտվել է պետության միանվագ օգնությունից՝ 100 հազար դրամ, 50 հազարները ստանում է անկանոն։ «Միայն հունվարն եմ ստացել։ Ասում են՝ երբ լինի, կտանք։ Դեկտեմբեր-նոյեմբերը չեմ ստացել։ Տվել եմ խանութներին՝ պարտքի դիմաց, ինչ որ ստացել եմ՝ լույսի, գազի դիմաց։ Ասում են՝ կփոխանցենք, բայց ե՞րբ՝ չգիտենք»։ Ավանդական հարցին՝ ինչի՞ կարիք ունեք ամենաշատը, պատասխանում է․ «Բնակարան եմ ուզում, մի սենյականոց, ինչ-որ մի գյուղում, բայց իմը լինի»։
ՀԳ․ Սեպտեմբերին Հայաստան է տեղափոխվել մոտ 100 հազար արցախցի։ Կարծիք կա, թե պետությունը չունի բավարար միջոցներ՝ նրանց բնակարանային խնդիրը լուծելու համար։ Սակայն ի՞նչն է խանգարում բռնի տեղահանվածներին սերտիֆիկատ բաժանել, նույն սերտիֆիկատներից, որոնք բաժանեցին 2020 թ․ պատերազմից հետո, եւ որոնցով շատերը տան հարց լուծեցին։ 2023 թ․ պետբյուջեի օրենքով Հայաստանի Հանրապետությունն Արցախին պետք է տրամադրեր 300 մլն դոլար, որը չի տրամադրել։ Արցախցիներին որպես օգնություն, ըստ Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվի, 6 ամսվա ընթացքում՝ 2023-ի հոկտեմբերից մինչեւ 2024-ի մարտ, տրամադրվելու է 100 մլն դրամ։ Եթե եւս 2 տարի Հայաստանի Հանրապետությունը շարունակի տարեկան 300 մլն դոլար տրամադրել արցախցիներին, սրան գումարելով նաեւ 2023-ին տնտեսած 200 մլն դոլարը, ապա կունենանք մոտ 800 մլն դոլար, այսինքն՝ յուրաքանչյուր տեղահանվածի հնարավոր է մարզերում էժան բնակարաններով ապահովել կամ սոցիալական բնակարաններ կառուցել նրանց համար։ Սակայն նման ծրագիր իրականացնելու հնարավորությունը կա, ցանկությունը չկա։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում