Ադրբեջանը հետեւողականորեն սեղմում է օղակը Հայաստանի եւ Արցախի շուրջ՝ նպատակ ունենալով ստանալ այն «միջանցքը», որով ուզում են Սյունիքի հատվածով կապել Նախիջեւանը Ադրբեջանին եւ հայաթափել Արցախը․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը։
«Ամեն բան կարող են ասել, թե պատրաստ են ապահովել Արցախի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, բայց մենք դա պրակտիկորեն տեսել ենք արդեն Խորհրդային միության ժամանակ։ Եթե մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ պատերազմական վիճակում, նշանակում է, որ մեր սահմանները պետք է ուսումնասիրենք ու կազմակերպենք մեր պաշտպանությունը, իսկ դա պետք է անի բանակը։ Այսօր Հայաստանի իշխանությունները որոշել են փոխարինել բանակը ԱԱԾ ստորաբաժանումներով։ Բայց դա կարող են անել միայն այն դեպքում, երբ երկու թշնամի, հակառակորդ պետությունները դարձել են հարեւան պետություններ եւ ուզում են խաղաղ համակեցությամբ ապրել իրար հետ։ Մեր դեպքում, մի կողմից խաղաղության դարաշրջան են հայտարարում, մյուս կողմից Ադրբեջանը սադրանքների է գնում, հոգեբանական ճնշումներ գործադրում Հայաստանի վրա, իսկ սա նշանում է, որ դեռեւս գտնվում ենք պատերազմական վիճակում»,-ասաց Օհանյանը։
Պաշտպանության նախին նախարարի խոսքով՝ ԱԱԾ-ն իր սահմանապահ կարողություններով չի կարող պաշտպանություն կազմակերպել ՀՀ-ի սահմաններում։ Օհանյանի գնահատմամբ՝ իշխանությունները չեն կարող կամ չեն ուզում ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրավիճակը, աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ինչ գործողություններ կարող է տեղի ունենալ մեր տարածաշրջանում եւ հատկապես Արցախի ու Հայաստանի շորւջ.
«Այսօրվա իշխանություններն ապրում են այնպես, ասես Հայաստանի ու Արցախի հետ ոչինչ չի եղել։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է, որ զորքերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ կանգնած են եղել ռազմական գործողությունների դադարից հետո եւ այդ պայմաններում մեր ղեկավարությունը հրաման է տալիս մեր զորքին Սյունիքի դիրքերից հետ քաշել զորքը։ Ադրբեջանի ղեկավարությունը յուրաքանչյուր մետր առաջ գալով պայմաններ է ստեղծում մեր սահմանների ճշգրտման գործում։ Դելիմիտացիա եւ դեմարկացիա իրականացնելու ժամանակ ամեն մի հողակտորը հիմք է հանդիսանալու բանակցելու եւ շահերը առաջ տալու համար»,-նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: